Թրիլլեր Բուենոս Այրեսում. Կորինտիանսը 11-մետրանոցներով հաղթեց Բոկային` դուրս գալով Լիբերտադորեսի գավաթի քառորդ եզրափակիչ🎥
Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բոկա Խունիորսը»` Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում, մրցեց բրազիլական «Կորինտիանսի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա ողջ ընթացքում «Բոկան» ուներ պարզապես տոտալ առավելություն և կարող էր հաղթել մի քանի գնդակի տարբերությամբ, սակայն հյուրերը պաշտպանվեցին անձնուրաց ու կարողացան մինչև վերջ պահպանել 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ բրազիլական ակումբի 35-ամյա դարպասապահ Կասիոն, ով կատարեց 3 սեյվ։
Բացի դրանից, տանտերերը 32-րդ րոպեին վաստակել էին 11-մետրանոց, սակայն Դարիո Բենեդետոյի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Հանդիպման հիմանական ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և, ըստ Լիբերտադորեսի գավաթի կանոնադրության, կողմերը միանգամից իրացրին 11-մետրանոց հարվածներ։
Հարվածաշարն էլ ավելի դրամատիկ ընթացք ստացավ, քանի որ կողմերն իրացրին 16 հարված, իսկ երկու ակումբների դարպասապահները երկուական անգամ փրկեցին իրենց թիմերին։
Այդուհանդերձ, «վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեց «Կորինտիանսը», որի ֆուտբոլիստները հաղթեցին 6:5 հաշվով։
Հատկանշական է, որ Դարիո Բենեդետոն 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ կրկին վրիպեց նշակետից ու հարվածեց անչափ բարձր։
Հավելենք, որ «Կորինտիանսը» դիմակայության պատասխան խաղում կատարեց ընդանենը 1 հարված, որը շեղ է ստացվել։
Այսպիսով, «հրացանակիրները» 11-մետրանոցներով հաղթեցին «Բոկա Խունիորսին» ու նվաճեցին Լիբերտադորսեսի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցեն «Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Տոլիմա» (Կոլումբիա) զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Դարիո Բենեդետո, Լիբերտադորեսի գավաթ, Կորինտիանս