Թուրքական մամուլը պահանջում է հավաքականի մարզչի հրաժարականը
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Թուրքիայի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո թուրքականան մամուլը մեծ թափով սկսել է պահանջել հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի հրաժարականը։
Armenpress պարբերականը հոդված է պատրաստել, թե թուրքական ԶԼՄ-ներն ինչպես են արձագանքել կայացած հանդիպմանը։
Hurriyet-ը գրում է, որ Թուրքիա – Հայաստան հանդիպման արդյունքն անակնկալ էր. բոլորն սպսասել են հաղթանակի, իսկ այն ավարտվել է 1:1 հաշվով, ինչից հետո Շտեֆան Կունցի ապագան դարձել է լայն քննարկումների առարկա։ Այժմ շատերը պահանջում են գերմանացի մասնագետի հրաժարականը։
Թերթը հաստատում է, որ հանդիպումից հետո Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Կունցին փոխարինելու հարցում դիտարկում է «Տրաբզոնսպորի» նախկին գլխավոր մարզիչ Աբդուլահ Ավչիի թեկնածությունը։
Daily Sabah պարբերականը կայացած հանդիպումը համեմատել է փակուղու հետ, որից առաջինը դուրս եկել է Հայաստանի հավաքականը։
Milliyet-ը նշում է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականն առավելություն ուներ, որը ձեռքից բաց թողեց։
Այս պարբերականը նույնպես պնդում է, որ Շտեֆան Կունցն այժմ քննադատությունների մեծ ալիքի տակ է հայտնվել։
Պարբերականը մեջբերում է նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուկեքշիի խոսքերը, ով Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղից հետո ակնհայտ դժգոհ է եղել գրանցված արդյունքից.
«Մենք պետք է մարզադաշտից հեռանայինք շատ ավելի ուրախ և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու երաշխիքով։ Փառք աստծո, որ հանդիպումը գոնե ոչ-ոքի արդյունքով ավարտվեց։ Ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից»։
Ֆուտբոլային փորձագետ Մեհմեթ Օզջանը Yeni Safaq-ին տված հարցազրույցի ժամանակ նույնպես պնդել է, որ Շտեֆան Կունցը շուտով հեռացվելու է պաշտոնից, իսկ նրան փոխարինելու է Աբդուլահ Ավչին, ով 2011-13 թթ. արդեն գլխավորել է Թուրքիայի հավաքականը։
Aksam-ը գրում է, որ Աբդուլահ Ավչին ու Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռիվայում արդեն բանակցություններ են վարել հավանական նշանակման հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ` Ավչին մեկնել էր Ռիվա` կարևոր սեմինարում որպես բանախոս մասնակցելու նպատակով, սակայն առիթը բաց չի թողել բանակցությունների համար։
Հավելենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլում Թուրքիայի հավաքականը, վաստակած 10 միավորով, գլխավորում է D խումբը։
Հայաստանի հավաքականը, 7 միավորով, 3-րդն է։
Վերջում ավելացնենք, որ Շտեֆան Կունցը Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. սեպտեմբերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդուլահ Ավչի, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Թուրքիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Մեհմեթ Բույուկեքշի, Շտեֆան Կունց