Թեժ կրքեր Լաս Վեգասում. Բարսելոնան հաղթեց Ռեալին🎥
Միջմրցաշրջանային ընկերական հանդիպման շրջանակում` ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի «Էլիջենդ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։
Հանդիպման մեկնարկը, ճիշտ է, անցավ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ակտվիությամբ, սակայն առաջին իրական գոլային պահը ստեղծեցին Կառլո Անչելոտիի սաները, երբ Ֆեդե Վալվերդեի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
Շատ չանցած «բլաուգրանան» նույնպես ունեցավ իրական գոլային պահ, սակայն նպաստավոր դիրքից Անսու Ֆաթին շեղ հարվածեց։
Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում Խավիի թիմը քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանն ու 26-րդ րոպեին Ռաֆինյայի ձախ ոտքի հիասքանչ հարվածի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը։
Առաջին կեսի վերջնամասն աչքի ընկավ միայն կողմերի միջև տեղի ունեցած բախումով, երբ Ժորդի Ալբայի` Վինիսիուսի նկատմամբ թույլ տված խախտունից հետո երկու ակումբների ֆուտբոլիստների միջև կրքերը բորբոքվեցին, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հարթվեց, ու հանդիպումը շարունակվեց բնականոն հունով։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջան գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում թե՛ «Ռեալի» և թե՛ «Բարսայի» կազմում տեղի ունեցան բազմաթիվ փոփոխություններ։ Ակումբների գլխավոր մարզիչներն իրականացրին մի շարք փորձարկումներ, ինչն էականորեն ազդեց հանդիպման հետագա ընթացքի ու տեմպի վրա։
Միայն 86-րդ ու 88-րդ րոպեներին աչքի ընկնելու հիանալի պահեր ուներ Ուսման Դեմբելեն, սակայն նրա երկու հարվածիցներից հետո «արքայական» ակումբին մեծ դժվարությամբ փրկեց Տիբո Կուրտուան։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով։
Հավելենք, որ «բլաուգրանան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին և կմրցի «Յուվենտուսի» դեմ։
Ինչ վերաբերում է «Ռեալ Մադրիդին», ապա Անչելոտիի թիմը նույն օրը կհանդիպի մեքսիկական «Ամերիկային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am