Էրլինգ Հալանդը շարունակում է արարել?
Այսօր՝ փետրվարի 18-ին, երկու ասմվա դադարից հետո վերսկսվեց Չեմպիոնների լիգան։ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍԺ-ին և դրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Կողմերը փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող են ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Հանդիպման առաջին կեսում կարելի է հիշատակել միայն Նեյմարի իրացրած տուգանային հարվածը, ինչից հետո գնդակը դարպասից անցավ մի փոքր շեղությամբ, իսկ Ջեյդոն Սանչոյի հարվածից հետո փայլեց Կեյլոր Նավասը։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դինամիկ և թեժ պայքարում։ 66-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Կիլիան Մբապեն, սակայն Ռոման Բյուրկին տեղում էր։
69-րդ րոպեին «Բորուսիան» բազմաքայլ գրոհ կազմակերպեց, ինչի արդյունքում Ռաֆայել Գերեյրոյի հարվածից հետո գնդակը հայտնվեց Էրլինգ Հալանդի մոտ, իսկ նորվեգացի «մարդասպանը» չվրիպեց նպաստավոր դիրքից։
Մի քանի րոպե անց՝ 75-րդ րոպեին, Կիլիան Մբապեն աջ եզրից ճեղքեց տանտերերի պաշտպանությանը և մտավ տուգանային հրապարակ՝ Նեյմարին դուրս բերելով դատարկ դարպասի դիմաց՝ 1։1։
Հաջորդ իսկ լուրջ գրոհին՝ 77-րդ րոպեին, Էրլինգ Հալանդը հերթական գնդակը խփեց։ Մաթս Հումելսը սեփական տուգանային հրապարակի մոտից կտրող փոխանցում կատարեց Ջիովանի Ռեյնային, իսկ երիտասարդ ամերիկացին փոխանցեց Հալանդին, վերջինս մի փոքր առաջ շարժվեց և ձախ ոտքի ուժգին հարվածով գնդակը մխրճեց մրցակցի դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Խաղի մնացած հատվածում հիշատակման է արժանի միայն Նեյմարի հարվածը, սակայն «իշամեղուներին» փրկեց դարպասաձողը։
Այսպիսով, Էրլինգ Հալանդը շարունակում է իր արարչագործությունը՝ իր թիմին չափազանց կարևոր հաղթանակ պարգևելով։ Պետք է նշենք, որ փարիզյան ակումբը հնարավորություններից չափազանց ցածր հանդես եկավ։ Ինչևէ, ամեն ինչ պարզ կդառնա Փարիզում։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ