Էվերտոնի երկրպագուի ֆանտաստիկ պատմությունը․ նա ամենուր հայտնվում է լողազգեստով
Անգլիական Պրեմիեր լիգան շատերը սիրում են լավագույն ֆուտբոլիստների և լավագույն մարզիչների, ոմանք՝ ոչ մի կերպ զիջումների չգնացող մրցավարների համար, սակայն Պրեմիեր լիգան կարելի է սիրել նաև անհավանական երկրպագուների համար, ովքեր ինչեր ասես, որ չեն զոհաբերում սիրելի ակումբի և բարեգործությունների համար։
«Էվերտոնի» երկրպագուների շրջանում կա մի երկրպագու, ում անունն է Միկ Կալեն, ով ավելի հայտնի է Սպիդո Միկ մականվամբ։ Նրան լիվերպուլյան ակումբի ներքին խոհանոցում համարում են իսկական լեգենդ։ Կալենը 55 տարեկան է, նա Լոնդոնում աշխատում է որպես լուսախնիկ, սակայն երկրպագում է Լիվերպուլը ներկայացնող ակումբին։
Սակայն Միկը հայտնի է դարձել ոչ այն պատճառով, որ նա «Էվերտոնի» երկրպագու է։ Հավանական է, որ Կալենը Մեծ Բրիտանիայի գլխավոր բարերան է, ով արդեն երկար ժամանակ է հանրությանը ներկայանում է միայն լողազգեստով և «Էվերտոնի» գույներով պատված շարֆով։
Կալենի լողազգեստի և շարֆի պատմությունը սկսվել է դեռևս 2014 թվականին։ Հանուն կարիքավորների հանրակացարանի համար միջոցների հավաքման՝ Մալենը լողալով կտրեց-անցավ Լա Մանշի նեղուցը։ «Էվերտոնի» երկրպագուն հուսով էր, որ առավելագույնը կհավաքի մոտ 2 հազար ֆունտ ստերլինգ, սակայն հավաքեց 15 անգամ ավելի գումար։ Հետագայում նա ամենուր հայտնվում էր միայն լողազգեստով։ Միկ Կալենը նաև «Էվերտոնի» խաղերին է այդպես հաճախում։
«Ես լողազգեստով կտրեցի և անցա Լա Մանշի նեղուցը, իսկ այնուհետև մտածեցի, որ 90 րոպե լողազգեստով երկրպագել ֆուտբոլային մարզադաշտում, այնքան էլ մեծ խնդիր չէ»,- նշել է Սպիդո Միկը։ Հենց այդտեղից էլ առաջացել է նրա Սպիդո Միկ մականունը։ Նշենք, որ speedo անգլերենից թարգմանած նշանակում է հենց լողազգեստ (плавки):
Լա Մանշը կտրել-անցնելուց հետո Սպիդո Միկը ոգևորվեց ևս մեկ գաղափարով։ Նա Լիվերպուլից ոտքով գնաց Լոնդոն՝ «Ուեմբլի» մարզադաշտ, որտեղ նրա սիրելի «Էվերտոնը» 2015/16 մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում պետք է մրցեր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
«Ես խելագար եմ։ Ես պատրաստվում եմ գիշերները քնել հյուրանոցներում՝ ինձ հետ վերցնելով հնարավորինս քիչ իրեր»,- նշել է Միկը, իսկ այնուհետև ոտքով անցավ ավելի քան 350 կմ միայն «Էվերտոնի» գույներով լողազգեստով և շարֆով։
Սպիդո Միկը հասցրեց այդ խաղին, սակայն «Էվերտոնը» պարտվեց 0։3 հաշվով, բայց գլխավորն այն է, որ Լիվերպուլի ծերանոցի համար կարողացավ խոշոր գումար հավաքել ճանապարհին։ Միկը նպատակ էր դրել հավաքել 30 հազար ֆունտ, սակայն կրկին իր սպասելիքներից շատ հավաքվեց։ Միկը հավաքեց մոտ 50 հազար ֆունտ։ Դրա շնորհիվ Միկ Կալենը 2016 թվականին նոմինացվեց «Մեծ Բրիտանիայի հպարտություն» մրցանակին, սակայն չհաղթեց այդ մրցանակը։
Դրանով Սպիդո Միկի բարեգործությունները չավարտվեցին, իսկ նրա ամբիցիաները գնալով ավելի մեծանում էին։ 2020 թվականի ձմռանը Սպիդո Միկը իր առջև նպատակ էր դրել անցնել ողջ Մեծ Բրիտանիայով և կարիքավոր երեխաների համար հավաքել 300 հազար ֆունտ։ Նա պետք է անցներ մոտ 1000 միլ տարածություն (1600 կմ)՝ Ջոն-Օ’Գրոթսից մինչև Լենթս Էնդ, որոնք Մեծ Բրիտանիայի ամենաեզրային շրջաններն են։ Չնայած «Սիարա» և «Դենիս» փոթորիկներին, որոնց պատճառով Մեծ Բրիտանիայում դադարեցվել էին բոլոր ավիաթռիչքները և գնացնքների միջոցով ուղևորափոխադրումները, միևնույնն է, Սպիդո Միկը հասավ իր նպատակին։
Ճանապարհի վերջում Սպիդո Միկը կատակում էր լողազգեստի և փոթորիկի թեմայով․
«Դրանք ստեղծված են, որպեսի թրջվեն, այդ պատճառով էլ փոթորիկը չխանգարեց»։
Կալենի սխրագործության մասին գրել էին բրիտանական բոլոր հեղինակավոր պարբերականները՝ BBC-ն, The Guardian-ը, The Times-ը, The Sun-ը և այլ հանրահայտ պարբերականներ։ Սպիդո Միկը 300 հազար ֆունտի փոխարեն հավաքեց գրեթե կես միլիոն ֆունտ։ Միկին շնորհավորեց նույնիսկ «Էվերտոնի» պաշտոնական Twitter-ի էջը, իսկ «կապույտների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ հանդիպեց նրա հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ է Միկը հենց ձմռանը ճանապարհ ընկել, այլ ոչ թե ամռանը։
Հավանական է, որ Սպիդո Միկը մտածել է, որ անգլիական տհաճ ձմռանը լողազգեստով նման քայլի գնալը ավելի մեծ ուշադրություն կգարվի, քան ամռանը և այդպես էլ եղավ։
«Երկար ժամանակ ես ինքս այդպիսի օգնության կարիք եմ ունեցել։ Ես անտուն էի, օգտագործում էի ալկոհոլ և թմրանյութ։ Ես անհույս էի, սակայն այժմ ցանկանում եմ օգնել այնպիսի մարդկանց, ինչպիսն որ ես եմ եղել»,- նշել է Կալենը Մեծ Բրիտանիան հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք հաղթահարելուց հետո։
Այդ վերջին բարեգործական ակցիայից անմիջապես հետո ողջ աշխարհը բախվեց կորոնավիրուսի համաճարակին, ինչի պատճառով դադարեցվեց նաև անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները, և Սպիդո Միկը ավելի քան երեք ամիս չէր կարողանում հաճախել սիրելի «Էվերտոնի» խաղերին, սակայն հունիսի 17-ին Պրեմիեր լիգան վերսկսվեց, իսկ հունիսի 20-ին իր հանդիպում անցկացրեց «Էվերտոնը»։ Չնայած ֆուտբոլային երկրպագուները Մեծ Բրիտանիայում դեռևս իրավունք չունեն հաճախել մարզադաշտ, միևնույնն է, Սպիդո Միկը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին՝ սիրելի ակումբի խաղին հետևելով լողազգեստով և շարֆով։
# ԱՊԼ, Էվերտոն, Միկ Կալեն, Սպիդո Միկ