Էմերին կգլխավորի Լա լիգայի ակումբներից մեկը
«Վալենսիայի», Մոսկվայի «Սպարտակի», «Սևիլիայի», ՊՍԺ-ի և «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Վիլյառեալը»։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
«Վիլյառեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Խավիեր Կալյեխան արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «դեղին սուզանավից», իսկ ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել Ունայի Էմերիի հետ՝ ստանալով 48-ամյա մասնագետի նախնական համաձայնությունը։
Նշենք, որ Խավիեր Կալյեխայի գլխավորությամբ «Վիլյառեալը» Լա լիգայի ավարտված 2019/20 մրցաշրջանի արդյունքներով վաստակեց 60 միավոր, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ վաստակելով Երվոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ Էմերիի վերջին աշխատավայրը եղել է «Արսենալը», որտեղից հեռացել է նախորդ տարվա նոյեմբերի 29-ին։
# Լա-լիգա, Խավիեր Կալյեխա, Ունայ-Էմերի, Վիլյառեալ, տրանսֆերներ