Ազարը Զիդանի ողբերգությունն է․ Ռեալը դժբախտ է նրա հետ
Կային ժամանակներ, երբ Էդեն Ազարը «Ոսկե գնդակի» համար պայքարում մրցակցում էր Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Այս պայքարի համար էլ բելգիացին գտնվում էր թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, որը հաղթեց Մադրիդի «Ռեալը»։ Ֆլորենտինո Պերեսը Ազարին տեսնում էր որպես Ռոնալդուի փոխարինող, սակայն տեսանք, թե ինչ դուրս եկավ։ Երկար ժամանակ Էդենը բուժվում էր վնասվածքներից, իսկ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պաշտպանում էր նրան՝ ասելով, որ մենք դեռ կտեսնենք իսկական Ազարին։ Ժամանակն անցնում է, իսկ մենք նրան դեռ չենք տեսնում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո, որի շրջանակում «Ռեալը» պարտվեց «Չելսիին», տեսախցիկներից չի վրիպել ժպտացող և բավական ուրախ բելգիացի կիսապաշտպանը․ մի կողմից նրա մեղքը չէր, որ թիմը պարտվեց, իսկ նա հանդիպել էր նախկին խաղընկերներին, սակայն մյուս կողմից՝ կարելի էր ավելի զուսպ լինել։
Ազարն այնպիսի ֆուտբոլիստ է, ում միշտ ոգրորել են ու ասել են, որ կարող է մրցակցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ «Ոսկե գնդակի» համար ու ամենից լավ դա հաջողվել է Ժոզե Մոուրինիոյին, ով ստիպում էր «տիրել» անգլիական Պրեմիեր լիգային։ «Յուրահատուկը» միշտ ասում էր, բելգիացի ֆուտբոլիստն անսպառ ներուժ ունի։
Ինքը՝ Ազարը միշտ կասկածել է իր ուժերի վրա և երբեմն ննշում էր, որ Լեոն ու Կրիշն ալյմոլորակայիններ են, մեկ այլ գալակտիկայից։ Այդ մոտեցումը նրան հաջողություն չբերեց։
Դրան գումարենք նաև «Չելսիում» Ազարի նախկին խաղընկեր Ջոն Օբի Միկելի՝ վերջերս կատարած հայտարարությունը․ «Ազարը վատ է մարզվում։ Եթե անկեղծ՝ նա պարապմունքների ժամանակ իմ հետ խաղացած ամենավատ ֆուտբոլիստն է»։
Չնայած ակնհայտ թերացումներին՝ Զիդանը միշտ ցանկացել է իր թիմում տեսնել բելգիացուն ու նույնիսկ զրույցներ կան, որ Պերեսը Ազարին գնեց Զիզուի վերադարձը կազմակերպելու համար (դա ֆրանսիացու պահանջն էր)։
Արդյունքում, ըստ որոշ տեղեկությունների, Պերես իր դրամապանակը դատարկեց 115-160 մլն եվրոյով, սակայն Իսպանիայում միայն Ազարի ստվերն ենք տեսնում։
«Ռեալ» տեղափոխվելուց հետո Ազարը նախ ավել քաշ հավաքեց, ինչից հետո սկսեցին վնասվածքները, իսկ հիմա կարծես մոռացել է, թե ինչպես են ֆուտբոլ խացում։ Երկու տարվա ընթացքում նրա խաղից հիշվում է միայն «Ինտերի» դեմ հանդիպումը, իսկ մնացածը սովորական անգույն խաղեր էին։
«Չելսիից» 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Զիդանը հայտարարեց, որ Ազարին խաղային պրակտիկա է անհրաժեշտ, սակայն տպավորություն է, թե ֆրանսիացի մասնագետը շատ միամիտ է․ Ազարն արդեն այլևս «վերացել» է և մոռացել ֆուտբոլ խաղալու մասին։
Հասկանալի է՝ բազմաթիվ վնասվածքներն Ազարին կոտրել են նաև հոգեբանորեն։ Վերջերս նա նույնիսկ ակնարկեց, որ պատրաստվում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել 33 տարեկան հասակում։ Շատ լավ, միգուցե Էդենի նյարդերը, իրոք, տեղի են տվել այդքան վնասվածքներից․ չէ՞ որ նա «Ռեալ» է տեղափոխվել ֆուտբոլ խաղալու համար, այլ ոչ թե մշտապես բուժվելու, սակայն խնդիրը շատ ավելի լուրջ է․ նա չունի լիդերի հատկանիշներ։
Բելգիացի ֆուտբլիստը հիանալի գիտակցում է, որ նրան «Ռեալը» գնել է որպես «նոր Կրիշտիանու Ռոնալդու», իսկ այդ փաստը նրան սարսափելի հունից հանում է։ Թե՛ Բելգիայի հավաքականում և թե՛ «Չելսիում» Ազարը մշտապես աճել է և պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ դառնալով ավելի ու ավելի ուժեղ։ «Ռեալում» ոչ միայն նրան հարմարվելու հնարավորություն չտրվեց, այլև յուրաքանչյուր խաղում գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնալու խնդիր դրվեց։ Ծույլ և անտարբեր Ազարը դրան չկարողացավ հասնել։
Բելգիացու այն մտքերը, որ հիմա կապաքինվեմ ու բոլորին ցույց կտամ իրենց տեղը, այդպես էլ իրականություն չեն դառնում ու, եկեք անկեղծ լինենք, չեն էլ դառնա․ նա խաղում է ինքն իր հետ։ «Չելսիի» Ազարն այլևս գոյություն չունի, իսկ «Ռեալը» նրա հետ դաշտում կարծես 10 ֆուտբոլիստներով լինի։
Նույնիսկ Բենզեման ավելի նպատակաուղղված է դուրս գալիս ցանկացած խաղի, իսկ Կրոսն ու Մոդրիչն ավելի շատ գոլային պարեր են ստեղծում։
Նման պարագայում լավագույն տարբերակը և լուծումը, իհարկե, խաղացողին վաճառելն է, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ազարի տարեկան աշխատավարձը կազմում է 11 մլն եվրո։
Նման պարագայում Ֆլորենտինո Պերեսը պետք է թեկուզ ֆինանսական վնասների գնով բաժանվել նման ֆուտբոլիստից։ Այդ պարագայում Զիդանը կազատվի նաև իր գլխավոր պատրանքից, թե Ազարը վերադառնալու է իր նախկին խաղամակարդակին, և թե օրերից մի օր նրան կտեսնենք Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլ ցուցադրելիս։ Իրական Էդեն Ազարը հավերժ մնացել է Լոնդոնում՝ «Չելսիի» մարզաշապիկով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Էդեն-Ազար, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, վերլուծություն