Զլատանի կարիերան վտանգված է․ շվեդ ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել
«Միլանի» կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ակումբի հերթական մարզման ժամանակ վնասվածք է ստացել։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 25-ին, երբ խաղացողը մարզման ժամանակ հարված է կատարել դարպասին, ինչից հետո սկսել է գալարվել խոտածածկին։ Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, շվեդ ֆուտբոլիստին անհրաժեշտ է խորացված բուժզննում՝ վնասվածքի հստակ բնորոշումը հասկանալու համար, սակայն նախնական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Զլատանը կբացակայի բավականին երկար ժամանակով։
Ինչպես տեղեկացնում է Ջիանլուկա դի Մարցիոն, խաղացողը ոչ միայն վնասել է սրունքի մկանները, այլև կտրել է կրունկի հատվածի ջիլը։ Այդ տեսակի վնասվածքներից ֆուտբոլիստները սովորաբար վերականգնվում են մի քանի ամսում, իսկ Զլատանի տարիքի ֆուտբոլիստների դեպքում (38 տ․) վերականգնումը բնականաբար կարող է ավելի երկար տևել։ Ցավոք, հավանականություն կա, որ լեգենդար ֆուտբոլիստին այլևս խաղադաշտում չենք տեսնի։ Նշենք, որ կրնկի հատվածում ունեցած խնդիրները շվեդ ֆուտբոլիստի մոտ սկսվել են դեռևս «Լոս-Անջելես Գալաքսիում» հանդես գալու ժամանակահատվածից։
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է վերադարձել «Միլան»։ Նախքան առաջնության հարկադիր դադարը Զլատան Իբրահիմովիչը ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Ջանլուկա դի Մարցիո