Զլատանը առանձնացրել է իր վարկածով պատմության լավագույն ֆուտբոլիստին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի մասին՝ անվանելով նրան ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ։
«Չեմ կարծում, որ Ֆենոմեն Ռոնալդոյին լրացուցիչ բնութագրում է պետք։ Նա կատարյալ ֆուտբոլիստ էր։
Ես մշտապես ասում եմ, որ կան մարդիկ, ովքեր խաղում են ֆուտբոլ ու կան մարդիկ, ովքեր հենց ֆուտբոլն են։ Ռոնալդոն է ինձ համար հենց ֆուտբոլը։
Բոլորը ցանկանում էին խաղալ Ռոնալդոյի պես, նմանվել նրան։ Նա ամբողջությամբ փոխեց ֆուտբոլն իր շարժումներով, իր քայլերով և դրիբլինգով, որը ես անվանում եմ «օձ»»,- նշել է շվեդ ֆուտբոլիստը Discovery+-ի ուղիղ եթերի ընթացքում։
Հիշեցնենք, որ «ատամիկն» իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կրուզեյրոյի» (1993-1994թթ․, 10 խաղ, 2 գոլ), ՊՍՎ-ի (1994-1996թթ․, 57 խաղ, 54 գոլ, 7 գոլային փոխանցում), «Բարսելոնայի» (1996-1997թթ․, 49 խաղ, 47 գոլ, 12 գոլային փոխանցում), «Ինտերի» (1997-2002թթ․, 99 խաղ, 59 գոլ, 12 գոլային փոխանցում), «Ռեալի» (2002-2007թթ․, 177 խաղ, 104 գոլ, 35 գոլային փոխանցում), «Միլանի» (2007-2008թթ․, 20 խաղ, 9 գոլ, 5 գոլային փոխանցում), ինչպես նաև «Կորինտիանսի» կազմում (2009-2011թթ․, 40 խաղ, 21 գոլ, 6 գոլային փոխանցում)։
Ռոնալդոն 62 գոլի հեղինակ է դարձել նաև Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 98 խաղի շրջանակում։
Նախկին ֆուտբոլիստը տարբեր ակումբների հետ ընդհանուր առմամբ նվաճել է 13 տիտղոս, ինչպես նաև երկու անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։
«Պենտակամպիոնների» կազմում էլ Ռոնալդոն երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1994 և 2002 թթ․), երկու անգամ՝ Կոպա Ամերիկայի չեմպիոն (1997 և 1999 թթ), ինչպես նաև 1997 թվականին նվաճել է նաև Կոնֆեդերացիաների գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Միլան, ՊՍՎ, Ռեալ Մադրիդ, Ռոնալդո