Սիմեոնեն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Ատլետիկոյի հետ աշխատավարձի նվազմամբ
Ինչպես հաղորդում է As-ը, «Ատլետիկո Մադրիդը» տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյին, որ ցանկանում է երգարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվական։ Արգենտինացու գործող պայմանագիրը հարազատ ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
Աղբյուրը հաղորդում է նաև, որ Սիմեոնեն համաձայնվել է կնքել պայմանագիր, որը, կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված, նախատեսում է աշխատավարձի նվազեցում։
Այս պահին 50-ամյա մասնագետը վաստակում է 32 մլն եվրո և համարվում է ֆուտբոլային աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Նատալյա Սիմեոնեն, ով մարզչի գործակալն է և քույրը, շուտով կսկսի բանակցություններ վարել նոր պայմանագրի շուրջ։
Սիմեոնեն «Ատլետիկոյի» ղեկը ստանձնել է 2011 թվականին։ Մինչ այս պահն ակումբը դարձել է Լա լիգայի, Իսպանիայի գավաթի և Սուպեր գավաթի հաղթող, ինչպես նաև երկու անգամ տիրացել է Եվրոպա լիգայի գավաթին և ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթին։ «Ատլետիկոն» «Էլ Չոլոյի» գլխավորությամբ էլ երկու անգամ հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում «մատրասայինները» վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ իրենց ակտիվում ունենալով 41 միավոր։ Երկրորդ հորիզոնականում հանգրվանած «Ռեալին» ակումբը գերազանցում է 4 միավորով և դեռ երկու հանդիպում էլ պակաս է անցկացրել։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Նատալյա Սիմեոնե, Ռեալ Մադրիդ