Բորուսիայի մարզիչներից մեկին, որպես պատիժ, ուղարկել են մարզելու կանանց թիմը
«Բորուսիա Մյունխենգլադբախի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Հայկո Ֆյոգելին, որպես պատիժ, ուղարկել են մարզելու ակումբի կանանց թիմը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 45-ամյա մասնագետը վերջերս տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ոչ սպորտային պահվածք է դրսևորել մրցավարի նկատմամբ, ինչից հետո որակազրկվել է երկու խաղով։ Բացի դրանից, նրան ակումբը տուգանել է 1500 եվրոյով և պարտադրել վազագույնը 6 մարզում անցկացնել «Բորուսիայի» կանանց թիմի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենգլադբախյան ակումբի ղեկավարության այդ որոշումը լուրջ քննադատության է ենթարկվել «Frauen im Fussball» (խմբ․՝ «Կանայք ֆուտբոլում») կազմակերպության կողմից։
«Այդ որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կանանց և աղջիկներին չեն վերաբերվում այնքան լուրջ, որքան տղամարդկանց՝ անկախ այն բանից, թե ինչ մակարդակում են նրանք հանդես գալիս։
Այդ որոշմամբ կանանց թիմը մարզելու պատիժը հավասարեցվում է հասարակական աշխատանքներ կատարելուն, սակայն դա այդպես չէ, քանի որ կանանց ֆուտբոլը նույնպես սպորտ է և դրան մասնակցողները նույնպես պրոֆեսիոնալներ են, ինչպես իրենց գործընկերները՝ տղամարդիկ։
Նույնիսկ եթե այդ պատժի մտադրությունները եղել են առանց հետին մտքի, այն, միևնույն ժամանակ, աղետալի ազդանշան է ուղարկում և ցույց է տալիս, որ կանանց թիմ մարզելն անօրինական արարք կատարելու պատժի մի մաս է կազմում»,- նշել է «Frauen im Fussball» կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլ Սելմերը։
Հավելենք, որ «Բորուսիայի» երիտասարդական թիմը հանդես է գալիս Գերմանիայի նշանակությամբ 4-րդ դիվիզիոնում։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբն, անցկացրած 27 խաղից հետո, վաստակել է 39 միավոր և 21 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բորուսիա Դորտմունդ II»-ին զիջելով 23 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Բորուսիա Մյունխենգլադբախի կանանց թիմի, Բորուսիա-Դորտմունդ II, Բունդեսլիգա, Գերմանիայի 4-րդ դիվիզիոն, Հայկո Ֆյոգել