«Երեք առյուծները»  փայլում են` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

«Երեք առյուծները» փայլում են` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

29/06/2021 - 21:49

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։

Առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն Անգլիայի հավաքականն ուներ խաղային առավելություն։

Գոլային պահերի տեսանկյունից նույնպես հավասարություն էր. կարելի է հիշատակել Ռահիմ Սթերլինգի և Տիմո Վերների դրվագները, երբ երկու հավաքականների հավաքականների դարպասապահներն էլ փրկեցին իրենց թիմերին։

Խաղակեսի վերջում աչքի ընկնելու շատ լավ պահ ունեցավ նաև Հարի Քեյնը, սակայն «երեք առյուծների» ավագը հապաղեց, ինչից հետո Մաթս Հումելսը հեռացրեց գնդակը նրա ոտքերի տակից։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին գերմանացիները. 49-րդ րոպեին խաղի հաշիվը բացելուն շատ մոտ էր Կայ Հավերցը, սակայն վերջինիս ընթացքից կատարած հարվածից հետո հիանալի խաղաց Անգլիայի դարպասպահ Ջորդան Պիկֆորդը։

Այդ դրվագից հետո Գարեթ Սաութգեյթի սաները հանգստացրին և հավասարեցրին խաղը, ինչից հետո դաշտում համեմատական անդորր էր` առանց գոլային պահերի։

Այդպես մինչև 76-րդ րոպե, երբ Անգլիայի հավաքականը գոլային գրոհ անցկացրեց. բազմաքայլ գրոհն սկսեց Ռահիմ Սթերլինգը և հենց ինքն էլ եզրափակեց` առաջ մղելով «երեք առյուծներին»։

Բաց թողած գոլից հետո «բունդեսմանշաֆթը» 81-րդ րոպեին իրական գոլային պահ ուներ. Թոմաս Մյուլլերը մեն-մենակ էր մնացել Ջորդան Պիկֆորդի դիմաց, սակայն շեղ հարվածեց։

86-րդ րոպեին Սաութգեյթի սաները կրկնապատկեցին իրենց առավելությունը. Ջեք Գրիլիշի փոխանցումից հետո աչքի ընկավ Հարի Քեյնը` ընթացիկ Եվրոպայի առաջնությունում խփելով առաջին գոլը։

Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, և Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին` նվաճելով Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023