«Երեք առյուծները» տանջվեցին, սակայն հաղթեցին🎥
Եվրո-2020-ի D խմբի շրջանակում մրցաշարի ֆավորիտներից Անգլիայի հավաքականը «Լոնդոնի» «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ։
«Երեք առյուծները» բավական ակտիվ մեկնարկեցին հանդիպումը և արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Ֆիլ Ֆոդենի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այդ դրվագից հետո էլ շատ չանցած` 9-րդ րոպեին, աչքի ընկնելուն մոտ էր արդեն Կելվին Ֆիլիպսը։ Անգլիացիների իրացրած անկյունայինից հետո գրոհը երկրորդ տեմպ ստացավ, և Ֆիլիպսն ընթացքից հեռահար հարվածով փորձեց դառնալ գոլի հեղինակ, սակայն Խորվաթիայի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը փրկեց իր թիմին։
Գարեթ Սաութգեյթի սաների մեկնարկային ճնշումը քիչ-քիչ մարեց, քանի որ Խորվաթիայի հավաքականի ֆուտնոլիստներին հաջողվեց խաղը տեղափոխել դաշտի կենտրոն։
Առաջին կեսի վերջնամասում անգլիացիները կրկին ակտիվացան, սակայն նախքան ընդմիջման գնալն այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկել էր հավասար պայքարում, սակայն, ինչ-որ պահ, Անգլիայի հավաքականը միացրեց իր շարժիչներն ու գոլային գրոհ անցկացրեց հանդիպման 57-րդ րոպեին. հարձակման աջ եզրով զարգացած գրոհից հետո Ֆիլիպսը հարվածային դիրք դուրս բերեց Ռահիմ Սթերլինգին, ով էլ մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Զլատկո Դալիչի թիմն անմիջապես հետո ակտիվացավ. 66-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Անտե Ռեբիչը, սակայն նպաստավոր դիրքից կատարած նրա հարվածը բավական անհաջող ստացվեց։
Խաղավերջում երկու հավաքականների գլխավոր մարզիչներն էլ փորձեցին փոփոխությունների միջոցով վերադասավորումներ կատարել, սակայն խաղի տեմպը ոչ մի կերպ չբարձրացավ։
Ամեն դեպքում, Անգլիայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։
Այս խմբի մյուս հանդիպումը կկայանա հունիսի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած, որի շրջանակում կմրցեն Շոտլանդիան ու Չեխիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, ԵՎՐՈ-2020, Զլատկո Դալիչ, Խորվաթիայի հավաքական, Կալվին Ֆիլիպս, Ռահիմ-Սթերլինգ, Ֆիլ Ֆոդեն