Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց Վրաստանի ընտրանուն🎥
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրո-2022 -ի որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում Երևանում մրցեց Վրաստանի հավաքականի դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը, որոնք մեկը մյուսի հետևից վտանգավոր հարվածներ կատարեցին մեր ընտրանու դարպասին, ինչն էլ շուտով տվեց իր արդյունքը․ հանդիպման հաշիվը բացեց Նիկոլոս Կուրտանիձեն։
Ոգևորված ձեռքբերածով՝ Վրաստանի ընտրանին շարունակեց ճնշումը և կրկնապատկեց առավելությունը. աչքի ընկավ Բինյոն։
Առաջին խաղակեսի ավարտին մոտ մեր ընտրանին ստացավ անկյունային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց մրցակցի տուգանային հրապարակում․ արդյունքում գնդակը հայտնվեց Գարեգին Մաշումյանի մոտ, ով էլ գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը՝ դարձնելով հաշիվը 1։2։
Մինչև առաջին խաղակեսի ավարտ մերոնք գործնականում զրկել էին մրցակցին գնդակից և ցանկանում էին մինչև ընդմիջում գնալը վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն մերոց պակասում էր դիպուկությունը։
Կեղմերն ընդմիջման գնացին Վրաստանի ընտրանու առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Դենիս Նևեդրովը հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդամենը մեկուկես րոպե անց Էլիսանդրոն կրկին առաջ մղեց Վրաստանի հավաքականին՝ հաշիվը դարձնելով 2։3։
Բաց թողած երրորդ գոլից հետո մեր հավաքականն ուներ անհավանական առավելություն, մի քանի անգամ ստեղծեց 100-տոկոսանոց գոլային պահեր, սակայն վրացիների դարպասապահ Զուրաբ Կուպատաձեն պարզապես հրաշքներ էր գործում դարպասում՝ բազում անգամ փրկելով իր թիմին։
Ակնհայտ էր, որ որոշ դրվագներում գնդակը պարզապես չցանկացավ հայտնվել մրցակցի դարպասում, ինչի հետևանքով էլ Ռուբեն Նազարեթյանի սաները կրկին պարտություն կրեցին Վրաստանի հավաքականից։
Պարտվելով Վրաստանի հավաքականին՝ Հայաստանի ընտրանին Եվրո-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու այևս որևէ հնարավորություն չունի։
Մեր թիմը, վաստակած 1 միավորով, եզրափակում է որակավորման խմբային փուլի 2-րդ խումբը, իսկ Վրաստանի հավաքականը 7 միավորով 2-րդն է։
Խումբը 12 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, իսկ Ֆրանսիան 2 միավորով 3-րդն է։
Մեր հավաքականը որակավորման խմբային փուլի վերջին երկու հանդիպումները կանցկացնի ապրիլի 9-ին և 14-ին։ Նախ Հայաստանի հավաքականը տանը կմրցի Ռուսաստանի հավաքականի դեմ, ապա՝ կհյուրընկալվի Ֆրանսիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2022-ֆուտզալ, Հայաստան-Վրաստան ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, Վրաստանի ֆուտզալի հավաքական, ֆուտզալ