«Ես չեմ ուզում 1:0 հաշվով հաղթանակներ. դուք ինձ զայրացնում եք այդ հիմարությամբ». Ալեգրին` լրագրողներին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել ֆրանսիական «Նանտի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո Sky Sport Italia-ի տաղավարում լրագրողները միտք են արտահայատել, ըստ որի, իրենք կարծել են, թե թուրինյան ակումբը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ սկսելու է ավելի շատ հաշիվ պահել այն ժամանակ, երբ առաջինը հաջողության հասնի։
Այդ միտքը սաստիկ զայրացրել է իտալացի մասնագետին.
«Լսե՛ք, ես չեմ ցանկանում 1:0 հաշվով հաղթանակներ. դուք ինձ զայրացնում եք այդ հիմարությամբ։ Դա ի՞նչ անհեթեթություն է, թե ես ցանկանում եմ 1:0 հաշվով հաղթանակներ։
Ամեն ինչ շատ պարզ է. պարզապես ուսումնասիրեք վիճակագրությունը։ Իմ թիմերը միշտ ունեցել են հիանալի պաշտպանություն և հարձակում։
Իմ թիմերը մրցաշրջանի ընթացքում միշտ խփել են 70-80 գոլ։ Խնդիրն այն է, որ դուք շատ եք խոսում ոչնչի մասին, իսկ ես սիրում եմ փաստերով խոսել։
Ես գիտեմ, որ դուք պետք է նստեք այստեղ և դատարկաբանեք ոչնչի մասին, որպեսզի լցնեք եթերաժամանակը, բայց ես դա չեմ անում։
Դուք եք ստեղծել այդ միտքը, այնուհետև այն պատմություն դարձրել և տարածել։ Դուք տեսնում եք վերացականը, իսկ ես՝ կոնկրետը։ Ունեք ողջ վիճակագրությունը, ուսումնասիրեք այն։
Ֆուտբոլում միայն մեկ բան է կարևոր
` հաղթանակը։ Կարևոր չէ`այն կլինի 1:0, թե 5:0 հաշվով»,- նշել է Ալեգրին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Նանտ