Եգանյան․ «Սա չեմպիոնին բնորոշ խաղ չէր, ավելին` սա խայտառակություն էր»
Այսօր՝ օգոստոսի 19-ին, «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանում 0։1 հաշվով պարտվեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»։
Երևանյան ակումբը պայքարը կշարունակի Եվրպոա լիգայի որակավորման երկրորդ փուլում, իսկ «Օմոնիան»՝ ՉԼ որակավորման երկրորդ փուլում, որի շրջանակում կմրցի Լեհաստանի չեմպիոն «Լեգիայի» դեմ։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը՝ Facebook-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․
«Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» խայտառակ վատ խաղ խաղաց ու պարտվեց Կիպրոսի չեմպիոնին: Հարցը պարտվելը չէ, այլ այն, որ մեր երկրի չեմպիոնը 90 րոպեի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեց հակառակորդի դարպասին, հարձակման գիծ «չկար», ամենալավը ստացվում էր հետփոխանցումը ու անդեմ խաղը: Չգիտեմ ինչ ասել, բայց այսպես շարունակել չի կարելի, չգիտեմ ինչ է անում մարզչական շտաբը, բայց ակնհայտ է, որ թիմը ֆիզիկապես մեղմ ասած պատրաստ չէ, ու լավ բան չեմ սպասում նույնիսկ եվրոպալիգայի խաղից: Ամենացավալին այն է, որ թիմի մեկնարկային կազմում գեթ մեկ հայազգի խաղացող չկար, իսկ մյուս ցավալի փաստն այն է, որ Արարատ Արմենիայի սեփականատերը միլիարդատեր, բարերար Սամվել Կարապետյանն է, ով իսկապես ուզում է լավ բան անել, բայց ուզելը քիչ է ու պետք է որ ավելի լուրջ վերաբերվի թիմին, եթե կուզեք` անձամբ զբաղվի թիմի ղեկավարման գործով: Սա չեմպիոնին բնորոշ խաղ չէր, ավելին` սա խայտառակություն էր:Հաջողություն Ալաշկերտին, Նոային ու Շիրակին, նորմալ խաղ խաղացեք տղեք ջան, ուրախացրեք մեզ ու բարձր պահեք մեր երկրի պատիվը, կարևորը տղամարդավարի խաղ խաղացեք, պայքարեք»։
# Արարատ-Արմենիա, Զոհրապ-Եգանյան, Չեմպիոնների-լիգա, Օմոնիա