Դրամա Բելֆաստում. Չելսին դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր🎥
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինդձոր Պարկ» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող հաղթողները` «Չելսին» և «Վիլյառեալը»։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց լոնդոնյան ակումբի տարածքային ու խաղային առավելությամբ։
Արդեն 6-րդ րոպեին Տիմո Վերները կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածից հետո «Վիլյառեալին» փրկեց դարպասապահ Սերխիո Ասենխոն։
Այնուհետև հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Նգոլո Կանտեն, ով, սակայն, շեղ հարվածեց։
Ակնհայտ էր, որ «ազնվականների» գոլը հասունանում է, որը տեղի ունեցավ 27-րդ րոպեին. ձախ եզրով զարգացած գրոհն ավարտին հասցրեց Հակիմ Զիեշը։
Խփած գոլից հետո Թոմաս Տուխելի սաները կարող էին էլ ավելի մեծացնել իրենց առավելությունը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Մարկոս Ալոնսոն և Կուրթ Զուման։
Նախքան ընդմիջման գնալն էլ «Վիլյառեալը» հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ձեռքից բաց թողեց. 45+4-րդ րոպեին հրավածային դիրքում էր Ալբերտո Մորենոն, սակայն վերջինիս հարվածից հետո «կապույտներին» օգնության հասավ դարպասաձողը։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսում համեմատաբար հավասար պայքար ստացվեց, սակայն «դեղին սուզանավի» գրոհներն ավելի վտանգավոր էին։
Ունայի Էմերիի թիմից նախ փորձեց աչքի ընկնել Ժերար Մորենոն, ապա` Պերվիս Էստուպինիանը, բայց երկու դեպքում էլ հիանալի գործեց «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին։
Ի վերջո, 73-րդ րոպեին, Մորենոն խփեց իր գոլը. «Վիլյառեալը» բավական գեղեղիկ գրոհ զարգացրեց, որն էլ գոլի վերածեց 29-ամյա հարձակվողը` եզրափակելով թիմի նորեկ Բուլայե Դիայի կրնկով կատարած փոխանցումը, իսկ հաշիվը դարձավ 1:1։
Պատասխան գոլից հետո հանդիպումը համեմատաբար հանդարտվեց, սակայն խաղավարտին` 90+4-րդ րոպեին, Թոմաս Տուխելի սաները քիչ մնաց հաղթանակ կորզեն, բայց Մարկոս Ալոնսոյի հարվածից հետո դարպասաձողն այս անգամ էլ օգնության հասավ «Վիլյառեալին» ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսն էլ ընթանում էր հավասար պայքարում, սակայն 100-րդ րոպեին հաշվի մեջ նոր փոփոխություն կարող էր մտցնել Քրիստիան Պուլիշիչը, ում հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։
Կարելի է ասել, որ, ինչ-որ պահից սկսած, «թոշակառուները» սկսեցին տիրել խաղի նախաձեռնությանը, սակայն նրանց խաղում այդքան էլ սրություն չկար։
Ամեն ինչ գնում էր դեպի 11-մետրանոց հարվածաշար։
Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չտեսանք, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։
«Վիճակախաղի» շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին «Չեսլիի» ֆուտբոլիստները։
Այսպիսով, «Չելսին» հաղթեց 11-մետրանոցների միջոցով և պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։
Հավելենք, որ լոնդոնյան ակումբը վերջին անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը հաղթել էր 1998 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբերտո Մորենո, Եվրոպա-լիգա, Էդուարդ Մենդի, Ժերար Մորենո, Հակիմ-Զիեշ, Մարկոս ԱԼոնսո, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Սերխիո Ասենխո, Վիլյառեալ, Տիմո Վերներ