HAALANDINATOR!!! Նորվեգացին շարունակում է առաջ տանել Բորուսիային 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Սևիլիային»։
Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած դիմակայության առաջին խաղում դորտմունդցիները հաղթել էին 3։2 հաշվով։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը՝ ցանկանալով վերականգնել հաշվի հավասարությունը ընդհանուր դիմակայությունում, սակայն 3-րդ րոպեին Լուկաս Օկամպոսի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց «իշամեղուների» դարպասապահ Մարվին Հիթսը։
Այս դրվագից հետո խաղը համեմատաբար հանդարտվեց մինչև 35-րդ րոպե, երբ Խուլիեն Լոպետեգիի սաները սեփական տուգանայինի մատույցներում կորցրին գնդակը՝ վտանգավոր գրոհի հնարավորություն տալով «դեղիններին», որոնք էլ Էրլինգ Հալանդի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը, իսկ գոլային փոխանցում նա ստացավ թիմի ավագ Մարկո Ռոյսից։
Մինչև առաջին խաղակեսի ավարտ այլևս վտանգավոր պահեր չստեղծեցին կողմերը և ընդմիջման գնացին Էդին Թերզիչի սաների նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ 48-րդ րոպեին Հալանդը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Չունեյթ Չեկիրն այն չեղարկեց՝ արձանագրելով կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից։
Քիչ անց նույն Չեկիրը որոշեց, որ մինչ այդ դրվագը հենց Հալանդի նկատմամբ է խախտում եղել և նշանակեց 11-մետրանոց հարված «Սևիլիայի» դարպասին։ Գնդակին մոտեցավ նույն Հալանդը, որի հարվածից հետո փայլուն խաղաց իսպանացիների դարպասապահ Բոնոն՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից։
Սա էլ վերջը չէ։ Չեկիրը որոշեց կրկնել 11-մետրանոց հարվածը, քանի որ մարոկկացի դարպասապահն ավելի շուտ էր ցատկել, քան նորվեգացի հարձակվողը կհարվածեր։
Գնդակին կրկին մոտեցավ նորվեգացի հրաշամանուկը և կրկին հարվածեց նույն անկյունը։ Բոնոն գուշակեց գնդակի ուղղությունը, սակայն փրկել թիմին այս անգամ չհաջողվեց, իսկ Հալանդն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Հատկանշական է, որ 20-ամյա հարձակվողը ՉԼ ընթացիկ խաղարկությունում 6 խաղում դարձել է արդեն 10 գոլի հեղինակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հանդիպման 69-րդ րոպեին 11-մետրանոց իրացրելու հերթն արդեն Սևիլիայինն էր, քանի որ մինչ այդ «դեղինների» պաշտպան Էմրե Ջանը կոպիտ խաղաց սեփական տուգանային հրապարակում։ Նշակետին մոտեցավ սևիլիացիների հարձակման առաջատար Յուսեֆ Էն-Նեսիրին և կրճատեց հաշվի տարբերությունը՝ դիպուկ հարվածով գրավելով Հիթցի պաշտպանած դարպասը։
Այս գոլից հետո հանդիպման տենպը մի փոքր ընկավ։ «Սևիլիան» հիմնականում տիրում էր գնդակին՝ ցանկանալով փրկել հանդիպումը, իսկ «Բորուսիան» սպասում էր հակագրոհի իր պահին։
Խաղավարտին մոտ «Սևիլիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց նաև հավասարեցնել հաշիվը․ 90+6-րդ րոպեին Իվան Ռակիտիչի փոխանցումից հետո Էն-Նեսիրին դուբլ գրանցեց իր անվան դիմաց՝ հաշիվը դարձնելով 2։2, սակայն ավելին անել անդալուսական ակումբին չհաջողվեց։
Խաղն ավարտվեց 2։2 հաշվով, ինչը նշանակում է, որ երկու խաղերի արդյունքում «Բորուսիան» հաղթեց 5։4 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բոնո, Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Լուկաս Օկամպոս, Խուլիեն Լոպետեգի, Մարվին Հիթց, Չեմպիոնների-լիգա, Սևիլիա