Դինամոյի մարզիչը հաստատել է. Զախարյանը հեռանում է ակումբից
Ռուսական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Դինամո Մոսկվան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բալթիկային»։
Մոսկովյան ակումբի կազմից այդ հանդիպումը բաց թողեց 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
Հանդիպումից առաջ «Матч ТВ»-ի հետ տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հաստատել է, որ Զախարյանը կարիերան շարունակելու է «Ռեալ Սոսիեդադի» կազմում.
«Արդեն կարող ենք ասել, որ Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստ է»։
Գործարքի իրականացման փաստը հաստատել է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ` բասկյան ակումբը Զախարյանի գործարքի դիմաց «Դինամոյին» վճարելու է 13 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
Սպասվում է, որ «Ռեալ Սոսիեդադը» գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի այս անցնող շաբաթվա ընթացքում։
Այժմ երկու ակումբները վերստուգում են տրանսֆերը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Զախարյանը նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել «սպիտակ-երկնագույնների» հետ։
Նշենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և հանդես է գալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Մարցել Լիչկա, Ռեալ-Սոսիեդադ, ՌՊԼ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո