ՊՍԺ-ի ֆուտբոլիստները բնակարանային գողերի զոհ են դարձել․ նրանց հարազատներին պատանդ են վերցրել
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի ՊՍԺ 1։2 «Նանտ» խաղի ժամանակ հանցագործները կողոպտել են փարիզյան ակումբի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի տունը և ընտանիքին պատանդ վերցրել։
33-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում փոխարինվեց 62-րդ րոպեին այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լոենարդոն պատահարի մասին հայտնեց թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Փոխարինումից հետո Դի Մարիան անմիջապես ուղևորվել է տուն։
Աղբյուրը հաղորդում է նաև, որ միևնույն ժամանակ հանցագործները կողոպտել են նաև «Փարիզի» պաշտպան Մարկինիոսի ծնողների բնակարանը և կրկին նրանց պատանդ վերցրել, հատկանշական է, որ բրազիլացին չի փոխարինվել և խաղացել է մինչև վերջ։
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել այս երկու դեպքերի առնչությամբ։
Ավելի վաղ հանցագործները կողոպտել էին նաև Դի Մարիայի ՝ Մանչեսթերում գտնվող տունը։ Այդ ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Լեոնարդո, Լիգա-1, Մաուրիսիո-Պոչետինո, Մարկինիոս, Նանտ, ՊՍԺ