Դելե Ալիին մեղադրում են ռասիզմի մեջ?
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին սկսել են մեղադրել այն բանից հետո, երբ Snapchat-ում տեսանյութեր է հրապարակել Լոնդոնի «Հիտրոու» օդանավակայանից։
Տեսանյութերից մեկում Ալին բժշկական դիմակը դեմքին լուռ նստած է, իսկ տեսանյութի մեկնաբանության մեջ գրել է․ «Կորոնաի՞նչ։ Խնդրում եմ, տեսանյութը դիտե՛ք՝ ձայնը միացրած»։ Տեսանյութի հետին պլանում լսվում է ասիական ակցենտով խոսակցություն։
Այնուհետև կիսապաշտպանը հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որտեղ նկարել է ասիական արտաքինով տղամարդու, իսկ տեսանյութի վերջում տեսախցիկը պահել է մաքրող միջոցների վրա՝ գրելով․
«Այս վարակը պետք է լինի չափազանց արագ, որպեսզի ինձ հունից հանի»։
Այս ամենից հետո համացանցում բուռն քննադատություն է սկսվել Ալիի նկատմամբ՝ նրան մեղադրելով ակնհայտ ռասիզմի մեջ։ Խաղացողը ստիպված է եղել ներողություն խնդրել իր արածի համար․
«Ես զղջում եմ, որ այդ տեսանյութը հրապարակել եմ Snpachat-ում։ Ես անմիջապես հեռացրի այն այնտեղից, երբ հասկացա, որ տեսանյութը կարող է որոշ մարդկանց դուր չգալ։ Ես ոչ մի դեպքում չեմ ցանկացել որևէ մեկին նեղացնել։ Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում դուր չի եկել իմ այս քայլը»,- նշել է Ալին, ում խոսքերը մեջբերում է Daily Star-ը։
# Դելե Ալի, Տոտենհեմ