Գրիգորյան. «Ցանկանում եմ կանանց թիմ մարզել»
Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» և Ալեքսանդր Գրիգորյանի միջև այլև չի շարունակվելու համագործակցությունը. 54-ամյա մասնագետը հեռացել է երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ըստ ստացված նախնական տեղեկությունների` Գրիգորյանը «Ալաշկերտից» հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը գլխավորելու համար։
Գրիգորյանը վերջերս հարցազրույց է տվել Sport24 պարբերականին և պատմել հետագա ծրագրերի մասին.
«Ես ցանկանում եմ մարզել կանանց թիմ, սակայն, այդ աշխատանքը շատերի համար պատվաբեր չի, բայց չգիտեմ, թե ինչու է այդպես։ Բացի դրանից, ես ցանկանում եմ հաջողությունների հասնել կանանց ֆուտբոլում։
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում աշխատելը նույնպես ինձ դուր էր գալիս։
Ներկա պահին ես կարճ արձակուրդ եմ վերցրել և շուտով Ռուսաստանում կլինեմ։ Կապրենք և կտեսնենք, թե որտեղ կշարունակեմ կարիերաս»,- նշել է Գրիգորյանը։
Հավելենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը կանանց ֆուտբոլում աշխատելու հարուստ փորձ ունի։ Նա մարզել է «Էներգիան» «Լադան», «Նադեժդան», «Զվեզդա-2005»-ը և ԲԿՄԱ-ն։
Գրիգորյանի գլխավորությամբ «Զվեզդա-2005»-ը երեքական անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն ու գավաթակիր, իսկ 2008/09 մրցաշրջանում հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն պարտվել է գերմանական «Դույսբուրգին»։ Գրիգորյանը չորս անգամ Ռուսաստանի գավաթակիր և մեկ անգամ էլ ներքին առաջնության չեմպիոն դարձել է «Լադայի» ղեկին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, ԱԼեքսանդր Գրիգորյան, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ