Գրանդ ակումբներն իսկական որս են սկսել Նորվիչի պաշտպանի համար
Անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Նորվիչի» աջ պաշտպան Մաքս Արոնսը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Համաձայն ESPN-ի հաղորդման՝ «Մանչեսթեր Յունայթեդում» լրջորեն քննարկում են «դեղձանիկների» 20-ամյա պաշտպանի՝ իրենց ակումբ տեղափոխության հարցը։ Ընդ որում՝ մանկունյական ակումբում հակված են ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է նաև, որ ամիսներ առաջ Օլե-Գունար Սուլշերն ու «Յունայթեդի» տրանսֆերային բաժինը միասին կազմել են Չեմպիոնշիփում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակ, որոնց կցանկանային իրենց ակումբի կազմում տեսնել․ Մաքս Արոնսի անունը նույնպես եղել է այդ ցուցակում։
ESPN-ը հավելում է նաև, որ խոչընդոտ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ «Նորվիչն» այս պահին գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը և չի ցանկանա մինչև մրցաշրջանի ավարտը, հրաժարվել կարևոր ֆուտբոլիստի ծառայություններից, կամ էլ նրա դիմաց կպահանջի հսկայական գումար։
Հայտնի է նաև, որ Արոնսի համար պայքարում են նաև «Տոտենհեմը», «Բավարիան», «Բարսելոնան», «Միլանն» ու «Ռոման»։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը Չեմպիոնշիփի շրջանակում անցկացրել է 22 հադնիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մաքս Արոնս, Միլան, Նորվիչ, Չեմպիոնշիփ, Ռոմա, Տոտենհեմ, Օլե-Գունար-Սուլշեր