Գործարքը կայացած է. Օսիմենը հեռանում է Նապոլիից
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարիերան շարունակելու է թուրքական «Գալաթասարայում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը մինչև 2025 թ. հուլիսի 30-ը վարձակալելու է նիգերացի ֆուտբոլիստին։
«Գալաթասարայը» վճարելու է 25-ամյա հարձակվողի ամբողջ աշխատավարձը։ Օսիմենը «Նապոլիում» վաստակում է տարեկան 9-10 մլն եվրո։ Գործարքում չի ներառվելու ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունքի կետ։
Հարձակվողն իտալական ակումբից պահանջում է մինչև 2027 թ. հունիսի 30-ը երկարաձգել պայմանագիրը, սակայն սահմանված հրաժարագնի կետը 130 մլն եվրոյից նվազեցնել 70 միլիոնի։
The Athletic-ի փոխանցմամբ` Օսիմենն իրավունք է ունենալու խզել վարձակալական պայմանագիրը 2025 թ. հունվարին, եթե որևէ թոփ ակումբ ցանկանա ձեռք բերել նրան։
«Գալաթասարայն» արդեն պաշտոնապես հաստատել է, որ Օսիմենը Ստամբուլում է և շուտով դառնալու է ակումբի ֆուտբոլիստ։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նիգերացին մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն, սակայն գործարքն ինչ-ինչ պատճառներով չկայացավ։ Նրա տրանսֆերը գնել ցանկանում էր նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին», բայց ֆուտբոլիստը նախընտրում էր կարիերան շարունակել Եվրոպայում։
Ի վերջո, Օսիմենի ու «Նապոլիի» ղեկավարության հարաբերությունները կտրուկ սրվեցին, ակումբը նրան դուրս էր թողել իտալական Ա սերիայի հայտացուցակից։
Հիշեցնենք, որ Վիկտոր Օսիմենը «Նապոլի» է տեղափոխվել 2020 թ. սեպտեմբերին, 133 խաղում խփել է 76 գոլ, կատարել 18 ասիստ։ Նա «աձուրիների» կազմում 2022/23 մրցաշրջանում նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը և 26 գոլով դարձել առաջնության լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Գալաթասարայ, Նապոլի, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո