Գործարքը կայացած է. Հենդերսոնը վերադառնում է եվրոպական ֆուտբոլ
Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Էթիֆաքի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի «Այաքսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել «Ալ Էթիֆաքի» հետ և հոլանդական ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում։
Աղբյուրի փոխանցմամբ` Հենդերսոնը «Այաքսի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հենդերսոնն այժմ Անգլիայում է և արդեն այսօր` հունվարի 18-ին, կմեկնի Ամստերդամ, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Mirror-ը հաստատում է, որ անգլիացի ֆուտբոլիստը, հանուն եվրոպական ֆուտբոլ վերադառնալու, հրաժարվել է «Ալ Էթիֆաքի» աստղաբաշխական աշխատավարձից, որի կազմում շաբաթական վաստակում էր 350 հազ. ֆունտ։
Նշվում է, որ «Այաքսի» կազմում Հենդերսոնի աշխատավարձը շաբաթական լինելու է մոտ 85 հազ. ֆունտ։
Հիշեցնենք, որ Ջորդան Հենդերսոնն առավել հայտնի է «Լիվերպուլի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2011-2023 թթ.` անցկացրած 492 խաղում դառնալով 31 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
33-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. ամռանը 14 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ալ Էթիֆաք», որի կազմում անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Ալ Էթիֆաքը» մարզում է «Լիվերպուլի» մեկ այլ լեգենդար նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Էթիֆաք, Այաքս, Լիվերպուլ, Ջորդան Հենդերսոն, Սթիվեն Ջերարդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո