Գործարքը կայացած է. Էնդրիկը տեղափոխվելու է Ռեալ Մադրիդ
«Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «արքայական» ակումբը վճարելու է ընդհանուր 72 մլն եվրո, որից 60 մլնը Էնդրիկի հրաժարագինն է, 12-ը` տարբեր հարկեր։
Պատանի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։
Էնդրիկը «Ռեալի» շարքերը համալրելու է 2024 թ. հուլիսի 1-ին, երբ արդեն չափահաս կլինի` 18 տարեկան։
Ռոմանոն հաստատում է, որ, ճիշտ է, գործարքի հարցում կողմերը հասել են բանավոր համաձայնության, սակայն ակումբները դեռևս որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստորագրել` հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կանոնադրությունն, ըստ որի, մինչև 18 տարեկանը ֆուտբոլիստը չի կարող պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրել։
Սպասվում է, որ մինչև տարեվերջ «արքայական» ակումբի ղեկավարությունը կլուծի բոլոր փաստաթղթային և իրավաբանական հարցերը։
Նշենք, որ Էնդրիկը «Պալմեյրասի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 7 խաղ` դառնալով 3 գոլի հեղինակ։
Պատանի ֆուտբոլիստը վերջերս դարձել է բրազիլական Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում Էնդրիկը մրցակցի դարպասը գրավել է 16 տարեկան 3 ամսական և 4 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնդրիկ, Պալմեյրաս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, ՖԻՖԱ