Գործարքը կայացած է. Դավիդ դե Խեան վերադառնում է մեծ ֆուտբոլ
Անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկ տարի անց վերադառնում է մեծ ֆուտբոլ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ իսպանացի դարպասապահը համաձայնել է կարիերան շարունակել իտալական Ա սերիան ներկայացնող «Ֆիորենտինայի» կազմում, որի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Այն ունենալու է նաև մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
33-ամյա դարպասապահը մոտ օրերս կմեկնի Ֆլորենցիա, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Դե Խեան «Ֆիորենտինայում» վաստակելու է տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ։ Մոտ 500 հազար եվրո էլ նախատեսված է լինելու տարբեր հավելավճարների համար։
Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան 2023 թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նա 2011-2023 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում` 545 խաղում դարպասը 190 անգամ պահելով անառիկ։
Դարպասապահը 2012-2021 թթ. հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում դաշտ է դուրս եկել 45 անգամ ու անցկացրել 21 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդ-դե-Խեա, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիորենտինա