Աղբյուր․ «Կայացած գործարք. Գոմեսը տեղափոխվում է Լա լիգան ներկայացնող ակումբ»
«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել, իսկ գործարքը գրեթե կայացած է։ «Սևիլիան» 32-ամյա խաղացողի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա դիմաց վճարելու է 5․5 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 3 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։
Գոմեսը շուտով կմեկնի Անդալուսիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը՝ կնքելով պայմանագիր։
Հիշեցնենք, որ Ալեխանդրո Պապու Գոմեսը 2014 թվականի սեպտեմբերին 4,47 մլն եվրոյի դիմաց «Ատալանտա» է տեղափոխվել ուկրաինական «Մետալիստ» ակումբից։
Մինչ այժմ Գոմեսը «Ատալանտայի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 252 անգամ՝ դառնալով 59 գոլի և 71 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Միդյուլլանի» դեմ տնային հանդիպման ընդմիջմանը լուրջ կոնֆլիկտ է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ինչից հետո խաղադաշտ դուրս է եկել ընդամենը երկու անգամ։
Վերջին անգամ Գոմեսը «Ատալանտայի» կազմում հանդիպման մասնակցել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում ակումբը մրցում էր «Յուվենտուսի» դեմ (1:1):
Այդ խաղից հետո արգենտինացի ֆուտբոլիստը նույնիսկ հեռացվել է «Ատալանտայի»՝ բոլոր մրցաշարերի հայտացուցակներից և մարզումներն անցկացնում էր անհատական ծրագրով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գոմես, Ատալանտա, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո