Գոլառատ ֆուտբոլ Մյունխենում. Բավարիան հաղթեց Բորուսիա Դորտմունդին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում, որտեղ «Բավարիան» մրցեց առաջնության առաջատար «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Առաջին կեսում «ռեկորդ մայսթերը» պարզապես շոկի ենթարկեց ռուրյան ակումբին և 18-23-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Ցանկանում ենք նշել, որ «իշամեղուների» դարպասապահ Գրեգոր Կոբելն անչափ անհաջող գործեց գոլային դրվագներում։
«Բավարիայի» առաջին գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց շվեյցարացի դարպասապահի անվան դիմաց, իսկ երրորդ գոլի դրվագում վերջինս գնդակը հետ մղեց ուղիղ Թոմաս Մյուլերի դիմաց, ով էլ գրավեց դարպասը։
Թոմաս Տուխելի թիմի երկրորդ գոլը նույնպես խփել էր Մյուլլերը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը Կինգսլի Կոմանի ջանքերով էլ ավելի մեծացրեցին առավելությունը` հաշիվը դարձնելով 4:0։
Հյուրերն ուշքի եկան միայն խաղավերջում` հետ բերելով երկու գնդակ. աչքի ընկան Էմրե Ջանն ու Դոնիել Մալենը։
Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 4:2 հաշվով, ինչից հետո վաստակեց 55 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Բորուսիա Դորտմունդին»` դառնալով Բունդեսլիգայի առաջատար։
Էդին Թերզիչի թիմը մնաց 53 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Գրեգոր Կոբել, Դոնիել Մալեն, Էդին Թերզիչ, Էմրե Ջան, Թոմաս ՏՈւխել, Կինգլսի Կոման