Գերմանական և իտալական ակումբները Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց պատրաստ չեն վճարել 2,5 մլն եվրոյից ավելի գումար
«Լոկոմոտիվի» եզրային պատշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում կայացած «Լոկոմոտիվ» – «Ռուբին» (2:2) հանդիպումից հետո մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը խոստովանել է, որ հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում առաջարկ են կատարել ակումբին.
«Առաջարկ ենք ստացել տրանսֆերի հարցում, սակայն այն անբավարար է՝ հաշվի առնելով Նաիրի վարպետության մակարդակը: Եթե ադեկվատ առաջարկ ստանանք, ապա կդիտարկենք այն: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ապա ադեկվատ կհամարվի այն առաջարակը, որը կլինի 5,5 մլն եվրոյի սահմաններում: Այսինքն՝ այն գումարը, որը «Լոկոմոտիվը» ժամանակին վճարել է նրա դիմաց:
Դուք ինքներդ տեսնում եք, որ Նաիրը ներկա պահին «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իհարկե, մենք նման առաջարկը չենք պատրաստվում դիտարկել»,- նշել էր Նագորնիխը «Матч ТВ»-ի հետ զրույցում, ում խոսքերը մեջբերում է Metaratings-ը:
Հետագայում տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև՝ նույն Metaratings-ը հաստատեցին, որ 24-ամյա պատշապանին իր շարքերում ցանկանում է տեսնել գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Վերդերը», որը նրա տրանսֆերի դիմաց «երկաթուղայիններին» առաջարկել է 2,5 մլն եվրո:
Դեռևս հուլիսի 13-ին ռուս ամենահայտնի ինսայդերներից Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ Տիկնիզյանի ծառայություներով հետաքրքրված է գերմանական մեկ այլ ակումբ «Վոլֆսբուրգը»:
Այդուհանդերձ, Metaratings-ին հայտնի է դարձել, որ թե՛ «Վերդերը» և թե՛ «Վոլֆսբուրգը» չեն ցանկանում 2,5 մլն եվրոյից ավելի գումար վճարել Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց:
Նույն իրավիճակն է նաև իտալական Ա սերիայում հանդես եկող «Էմպոլիի» և «Բոլոնիայի» դեպքում, որոնց սկաուտները լրջորեն հետևել են հայազգի ֆուտբոլիստի խաղին, սակայն պատրաստ չեն բավարարել «Լոկոմոտիվի» ֆինանսական պահանջները:
Դրան զուգահեռ, Տիկնիզյանի հանդեպ կրկին հետաքրքրություն է ցուցաբերում Լա լիգայի առաջատար ակումբներից «Ռեալ Սոսիեդադը», որը դեռևս սույն թվականի հունիսից հետևում է 24-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բասկյան ակումբը գործարքի դիմաց «երկաթուղայիններին» այն ժամանակ առաջարկել էր 2 մլն եվրո, սակայն Հայաստանի հավաքականի կազմում Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում անցկացրած հանդիպումներից հետո Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը նկատելիորեն բարձրացել է:
Ինքը՝ Տիկնիզյանը, վերջերս հյուրընկալվելով հանրահայտ «Коммент.Шоу» հաղորդաշարին, ակնարկել է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի համալրի եվրոպական որևէ ակումբի շարքերը.
«Առաջին իսկ օրվանից, երբ սկսել եմ հանդես գալ ռուսական Պրեմիեր լիգայում, Եվրոպա տեղափոխվելու նպատակ եմ ունեցել: Առաջընթաց գրանցում ես միայն այն ժամանակ, երբ դուրս ես գալիս սեփական հարմարավետության տարածքից: Այժմ ես «Լոկոմոտիվում» կարծես տաք բաղնիքում լինեմ: Եթե ամեն ինչ այսպես մնա, ապա ինձ միայն լճացում է սպասվում, քանի որ Ռուսաստանի առաջնության մակարդակն ընկնում է»,- նշել է հայ ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանը նոր մեկնարկած 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոլոնիա, Էմպոլի, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Ռեալ-Սոսիեդադ, ՌՊԼ, ՎԵրդեր, Վոլֆսբուրգ, տրանսֆերներ