Գանձասարը հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում:
Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի զարգացումը, կարևորելով Հայաստանի առաջնություններում Կապանը ներկայացնող թիմի առկայությունը, ինչպես նաև առնվազն 8 թիմով առաջնություն ունենալու նախապատվությունը՝ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը:
Այսպիսով, «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն, որը վերջին տարիներին ներկայացված էր միմիայն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում, կրկին ներկայացուցիչ կունենա ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնությունում:
«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանում և իր տնային հանդիպումները կանցկացնի Կապանի «Քաղաքային» մարզադաշտում:
Նշվում է նաև, որ «Գանձասար» ՖԱ ՀԿ-ի մասնակցությամբ պայմանավորված՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել նաև Առաջին խմբի առաջնությունը ոչ թե 5, այլ 4 շրջանով անցկացնելուն:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Առաջին-Խումբ, Գանձասար ՖԱ, ՀՖՖ, ՀՖՖ-գործկոմ