Բրազիլիան ջախջախեց Բոլիվիային, Արգենտինան 90+3-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի վերջին` 18-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։
Տիտեի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն ու մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
«Պենտակամպիոնների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիչարլիսոնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Պակետան ու Բրունո Գիմարայեսը։
Այս հաղթանակից հետո Բրազիլիան վաստակեց 45 միավոր և ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլն ավարտեց 1-ին հորիզոնականում։
Բոլիվիան 15 միավորով զբաղեցրեց նախավերջին` 9-րդ հորիզոնականը։
Բոլիվիա – Բրազիլիա հանդիպմանը զուգահեռաբար Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Էկվադորի ընտրանու դեմ։
«Ալբիսելեստեն», 24-րդ րոպեից սկսած, Խուլիան Ալվարեսի խփած գոլի շնորհիվ, մինչև հանդիպման վերջնամաս հաղթում էր 1:0 հաշվով, սակայն տանտերերը 90+3-րդ րոպեին 11-մետրանոց հարված իրացնելու իրավունք վաստակեցին։
Գնդակին մոտեցավ Էներ Վալենսիան, սակայն նրա հարվածից հետո Արգենտինային փրկեց դարպասապահ Խերոնիմո Ռուլին, այդուհանդերձ 32-ամյա հարձակվողը երկրորդ փորձից խփեց պատասխան գնդակը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո Արգենտինան վաստակեց 39 միավոր և Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլն ավարտեց 2-րդ հորիզոնականում։
Էկվադորը, 26 միավորով, եզրափակեց լավագույն քառյակը։
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բոլիվիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Բրունո Գիմարաես, Էկվադորի հավաքական, Էներ Վալենսիա, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Լուկաս Պակետա, Խուլիան Ալվարես, Մունդիալ-2022, Ռիչարլիսոն, Տիտե, Քաթար-2022