Բուսկետսն ու Ալբան կարիերայի վերջին հանդիպումն են անցկացրել 📸
Բուսկետսն ու Ալբան կարիերայի վերջին հանդիպումն են անցկացրել 📸
07/12/2025 - 11:37

Լեգենդար ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան կարիերայի վերջին հանդիպումն են անցկացրել։

Բուսկետսի ու Ալբայի վերջին խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով հաղթել է կանադական «Վանկուվերին»` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՄԼՍ-ի գավաթը։

Ֆուտբոլիստները դեռ հոկտեմբերին էին հայտարարել, որ ՄԼՍ-ի մրցաշրջանի վերջում ավարտելու են կարիերան։

Բուսկետսը 2005-2023թթ. եղել է «Բարսելոնայի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 722 խաղում գրանցել 18 գոլ, կատարել 46 ասիստ։ Կիսապաշտպանը կատալոնական ակումբի հետ նվաճել է 32 տիտղոս, այդ թվում` երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան, 9 անգամ` Իսպանիայի Լա լիգան։

Նախկին ֆուտբոլիստը 143 խաղում 2 գոլ ու 9 ասիստ է գրանցել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Բուսկետսը «ֆուրիա ռոխայի» հետ 2010թ. դարձել է աշխարհի, իսկ 2012թ.` Եվրոպայի չեմպիոն։

Բուսկետսը 2023թ. հուլիսից հանդես էր գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», 116 խաղում խփել է 1 գոլ, կատարել 16 արդյունավետ փոխանցում, դարձել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության չեմպիոն, մրցաշարի գավաթակիր ու Լիգայի գավաթակիր։

Ժորդի Ալբան կարիերայի մեծ մասը` 2012-2023թթ., հանդես է եկել «Բարսելոնայում», 459 խաղում խփել 27 գոլ ու 99 ասիստ, նվաճել 17 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ալբան հանդես է եկել նաև «Վալենսիայում» (110 խաղ, 6 գոլ և 8 ասիստ), «Խիմնաստիկում» (36 խաղ, 4 գոլ), իսկ «Բարսելոնայից» հեռանալուց հետո տեղափոխցել է ամերիկյան «Ինտեր Մայամի», որի կազմում 103 խաղում 15 գոլ ու 33 ասիստ է գրանցել։ Նա ամերիկյան ակումբում նույն տիտղոսներն է նվաճել, ինչ Բուսկետսը։

Եզրային պաշտպանը նաև 9 գոլ է խփել ու 22 արդյունավետ փոխանցում կատարել Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած 93 խաղում։ Նա «Ֆուրիա ռոխայի» հետ 2012թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2023թ.` Ազգերի լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025