Ռոզեն մնաց ձեռնունայն․ Սանչոն դորտմունդցիներին առաջ է տանում 🎥
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպեցին երկու «բորուսիաները» ․ «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորուսիա Դորտմունդին»։
Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով։ Երկու կողմերն էլ աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ունեին․ անգամ 45+2-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը՝ ազդարարելով, որ Մարկուս Թյուրամը խաղից դուրս վիճակում է։
Ինչևէ, առաջին 45 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց, և կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ մեկնարկեցին դորտմունդյան ակումբի տղաները, և արդեն 53-րդ րոպեին Էրլինգ Հալանդի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն VAR համակարգի սենյակում գտնվող իր գործընկերների հետ համագործակցելուց հետո, հանդիպման գլխավոր մրցավար Սաշա Շտեգամանը չեղարկեց դարպասի գրավումը՝ արձանագրելով կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից։
Այնուամենայնիվ, հանդիպման 66-րդ րոպեին «իշամեղուները» թեքեցին հաղթանակի նժարը դեպի իրենց կողմը։ Գեղեցիկ գոլով հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Ջեյդոն Սանչոն։
Ընդունած գոլից հետո Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչը մեկը մյուսի հետևից 4 փոփոխություն կատարեց՝ նպատակ ունենալով փրկել խաղը, սակայն այդ անել նրան չհաջողվեց։ Հանդիպումն ավարտվեց «դեղինների» հաղթանակով 1։0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Էդին Թերզիչի սաներն ապահովեցին իրենց ներկայությունը Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում, իսկ «Բորուսիա Մյունխենգլադբախը» լքում է պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի գավաթ, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Մարկո Ռոզե, Մարկուս Թյուրամ, Ջեյդոն-Սանչո