Բորուսիան մոտ է ՊՍՎ-ի աստղին ձեռք բերելուն
«Բորուսիա Դորտմունդը» շատ մոտ է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենի տրանսֆերն ավարտին հասցնելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, գերմանական ակումբը դեռևս այս տարվա ապրիլից հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` Մալենի տեղափոխության հարցում դորտմունդյան ակումբը ՊՍՎ-ի հետ արդեն համաձայնության է հասել և նրա դիմաց վճարելու է 30 մլն եվրո։
Դոնիել Մալենն էլ, իր հերթին, «Բորուսիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ եթե տրանսֆերը կայանա, ապա այն դառնալու է «իշամեղուների» պատմության երրորդ ամենաթանկարժեք ձեռքբերումը։
«Բորուսիայի» ամենաթանկարժեք տրանսֆերը ներկա պահին Ուսման Դեմբելեի ձեռքբերումն է. 2016 թ. ակումբը նրա դիմաց ֆրանսիական «Ռենին» վճարել է 35 մլն եվրո։
Դեմբելեին հաջորդում է Մաթս Հումելսը, ում դիմաց էլ «դեղինները» 2019 թվականի ամռանը «Բավարիային» վճարել են 30.5 մլն եվրո։
2016 թ. ամռանը ակումբը 30 մլն եվրո վճարել է նաև «Վոլֆսբուրգին» Անդրե Շյուրլեի տրանսֆերի դիմաց։
Հավելենք, որ Դոնիել Մալենը ՊՍՎ-ում հանդես է գալիս 2018 թվականից և մինչ այժմ Էյնդովենը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 55 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Մալենը նաև Հոլանդիայի հավաքականի անդամ է, որի կազմում վերջերս մասնակցեց Եվրո-2020-ին` դաշտ դուրս գալով «նարնջագույնների» բոլոր 4 խաղերում։ Այդ ընթացքում նա կատարեց 2 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Շյուրլե, Բորուսիա-Դորտմունդ, Դոնիել Մալեն, ԵՎՐՈ-2020, Հոլանդիայի հավաքական, Մաթս Հումելս, Ուսման-Դեմբելե, ՊՍՎ, տրանսֆերներ