Բորուսիան դիմացավ Բավարիայի ճնշմանը` միավորներ խլելով չեմպիոնից🎥
Մեկնարկեց Բունդեսլիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։
1-ին տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց գործող չեմպիոն «Բավարիայի» դեմ։
Հանդիպումը, կարելի է ասել, բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Ալասան Պլեայի ջանքերով «Բորուսիան» առաջ անցավ հաշվի մեջ։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «Բավարիան» սկսեց տիրել հանդիպման նախաձեռնությանը և 43-րդ րոպեին, ի վերջո, հավասարեցրեց հաշիվը. Յոզուա Կիմիխի իրացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ Յուլիան Նագելսմանի սաներն ունեին խաղային ու տարածքային առավելություն. միայն Լևանդովսկին երկու-երեք անգամ կարող էր հաղթանակի նժարը թեքել մյունխենյան ակումբի կողմը, սակայն «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերը որոշ դրվագներում փրկեց իր թիմին վերահաս գոլից։
70-րդ րոպեին էլ գոլային լավ պահ ուներ մյունխենգլադբախցիների ավագ Լարս Շտինդլը, սակայն հիանալի գործեց Մանուել Նոյերը։
Խաղի վերջին գրոհի արդյուքնում Յոզուա Կիմիխը 90+6-րդ րոպեին քիչ մնաց հաղթանակ կորզեր «Բավարիայի» համար, սակայն գերմանացի կիսապաշտպանի հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Ամեն դեպքում, «Բորուսիա Մյունխենգլադբախը» դիմացավ «Բավարիայի» ճնշմանը և միավորներ խլեց գոծող չեմպիոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալասան Պլեա, Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդ, Յուլիան Նագելսման, Ռոբերտ-Լևանդովսկի