Բոսնիան և Չեխիան դրամատիկ պայքարում անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ են դուրս եկել 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Չեխիայի ազգային հավաքականը Պրահայում հետխաղյա 11-մետրանոցներով (4:3) հաղթեց Իռլանդիայի թիմին։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 2:2 հաշվով։
Իռլանդացիները հանդիպման մեկնարկում միանգամից երկու գնդակի առավելություն ստացան. նախ` 19-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի առաջատար Թրոյ Փերոթը, ապա` 23-ին ինքնագոլ գրանցեց մրցակցի դարպասապահ Մատեյ Կովարժը։
27-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը մեկ գնդակ կրճատեց չեխերի համար, իսկ տանտերերին պարտությունից 86-րդ րոպեին փրկեց «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Լադիսլավ Կրեյչին` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
11-մետրանոց հարվածաշարում վճռորոշ եղավ Կովարժի երկու սեյվը, որը հետ մղեց իռլանդացիների ֆուտբոլիստներ Ֆին Ազազի ու Ալան Բրաունի հարվածները։
Չեխերից էլ նշակետից վրիպեց Մոյմիր Խիտիլը, բայց դա ճակատագրական չեղավ իր թիմի համար։
Այսպիսով, Միրոսլավ Կոուբեկի գլխավորած թիմը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ սեփական դաշտում մարտի 31-ին կհանդիպի Դանիայի հավաքականին։ Կողմերը կխաղարկեն Մունդիալի խմբային փուլի ուղեգիրը։
Չեխիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2006 թվականին։
Զուգահեռաբար էլ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով (4:2) հաղթեց Ուելսի թիմին։
Քարդիֆում կայացած խաղում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, գրանցվեց 1:1 հաշիվը։
«Վիշապներ» 51-րդ րոպեից Դանիել Ջեյմսի գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։
Այդուհանդերձ, 86-րդ րոպեին բոսնիացիներին պարտությունից փրկեց 40-ամյա լեգենդար հարձակվող Էդին Ջեկոն։
Հարվածաշարում Բոսնիայի դարպասապահ Նիկոլա Վասիլը հետ մղեց մրցակցի պաշտպան Նեկո Վիլիամսի հարվածը, իսկ ուելսցիների վինգեր Բրենան Ջոնսոնը գնդակն ուղարկեց տրիբունա։
Տանտերերի դարպասապահ Կառլ Դարլոուն էլ հետ էր մղել Բոսնիայի առաջատարներից Էրմեդին Դեմիրովիչի հարվածը։
Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ Զենիցայում կընդունի Իտալիայի հավաքականին։
Բոսնիացիները Մունդիալին մասնակցել են միայն մեկ անգամ` 2014 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml