Բարսելոնան համաձայնության է հասել Լիոնի հետ
«Բարսելոնան» ավելի ու ավելի է մոտեցել «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելուն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով հոլանդական De Telegraaf պարբերականին, կատալոնական ակումբը մոտ օրերս ավարտին կհասցնի այս տրանսֆերը, քանի որ համաձայնության է հասել «Լիոնի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսան» 26-ամյա հոլանդացի հարձակվողի դիմաց ֆրանսիական ակումբին կվճարի 30 մլն եվրո, որը կներառի նաև տարբեր բոնուսներ, իսկ խաղացողի և նոր ակումբի միջև կնքվելիք անձնական պայմանագրի կետերը դեռևս սեպտեմբերի 9-ին էին համաձայնեցվել։
Նշվում է, որ տրանսֆերի կայացմանը մեծապես նպաստել է խաղացողի ցանկությունը, ով նպատակ ունի կրկին աշխատել Ռոնալդ Կումանի հետ։ Կողմերը միասին աշխատել են Նիդեռլանդների հավաքականի կազմում։ Հաղորդվում է, որ անձամբ 57-ամյա մարզիչը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Մեմֆիսի հետ, ինչն էլ բեկումնային է դարձել։
# Բարսելոնա, Լիոն, Մեմֆիս Դեպայ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո