Մեսսին հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ մրցաշարի հետնապահ «Ուեսկայի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին, ում համար այդ խաղը 767-րդ էր ակումբային կարիերայում (այդ արդյունքով նա կրկնեց թիմի լեգենդներից Խավիի ցուցանիշը), դարձավ նաև դուբլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին եվրոպական թոփ 5 առաջնությունների շրջանակում դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 13 մրցաշրջան անընդմեջ դառնում է առնվազն 20 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ներկա պահին 33-ամյա ֆուտբոլիստը Պրիմերայի շրջանակում իր ակտիվում ունի 21 գոլ և ռմբարկուների պայքարում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսին գերազանցելով 3 գնդակ։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Լեո Մեսսին բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 36 հանդիպման, դարձել 27 գոլի և 12 ասիստի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Ուեսկա