Բարսելոնան խորտակվում է ճահճում. Սուարեսը պատժեց «բլաուգրանասին»🎥
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը գրեթե բոլոր ասպեկտներում գերազանցեց մրցակցին և տրամաբանական էր, որ ընդմիջման գնալիս «Վանդա Մետրոպոլիտանո» մարզաշտի լուսատախտակին վառվում էր 2:0 հաշիվը` հօգուտ «Ատլետիկոյի»։
Խաղի հաշիվը բացվեց 23-րդ րոպեին. «հնդկացիները» գեղեցիկ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Լուիս Սուարեսը հիասքանչ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Տոմա Լեմարին, ով էլ գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը։
44-րդ րոպեին էլ Դիեգո Սիմեոնեի սաները նետվեցին կայծակնային հակագրոհի. այս անգամ էլ Լեմարը Սուարեսին գտավ ազատ դիրքում։ «Էլ Պիստոլերոն» չվրիպեց նպաստավոր դիրքից, իսկ հաշիվը դարձավ 2:0։
Նշենք, որ ուրուգվայցի հարձակվողը, գրավելով իր նախկին թիմի դարպասը, չտոնեց խփած գոլը։
Երկրորդ կեսում կատալոնական ակումբն ամեն կերպ փորձում էր բեկել հանդիպման ընթացքը, սակայն Ռոնալդ Կումանի սաներին հաջողվեց ստեղծել ընդամենը մեկ իրական գոլային պահ, երբ 53-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Ֆիլիպե Կոուտինիոն, բայց նրա հարվածից հետո «Ատլետիկոյին» փրկեց Յան Օբլակը։
«Ատլետիկոն» հանդիպման մնացած ժամանակահատվածում գնդակը զիջեց մրցակցին և հստակ կատարեց իր գործը` հետ մղելով մրցակցի բոլոր գրոհները։
Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային», վաստակեց 17 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
17 միավոր ունի նաև մադրիդյան մյուս ակումբը` «Ռեալը», սակայն «սերուցքայինները» լրացուցիչ ցանիշներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
«Բարսելոնան» էլ մնաց նախապես վաստակած 12 միավորով, ինչը համապատասխանում է միայն 9-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Յան Օբլակ, Ռոնալդ Կուման, Տոմա Լեմար, Ֆիլիպե Կոուտինիո