Բարսելոնան դեռևս պայքարի մեջ է?
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայանում է 27-րդ տուրը։ Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ կատալոնական ակումբն ընդունել էր «Ռեալ Սոսիեդադին»՝ հաղթելով նվազագույն՝ 1։0 հաշվով։
Առաջին խաղակեսի ընթացքում «կապտանռնագույնները» ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացան բացել հանդիպման հաշիվը։ Աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին Մարտին Բրեյթվեյթը և Լեո Մեսսին, սակայն նրանց հարվածներից հետո կա՛մ Ալեքս Ռեմիրոն փրկում էր հյուրերին, կա՛մ էլ հարվածները շեղ էին ընթանում նպաստավոր դիրքերից։
Երկրորդ խաղակեսում «Ռեալ Սոսիեդադի» կազմում փոխարինման դուրս եկավ թիմի առաջատար Միկել Օյարսաբալը, ով բավականին ակտիվացրեց հյուրերի խաղը, սակայն, միևնույնն է, կատալոնական ակումբի գրոհներն ավելի սուր և վտանգավոր էին։
64-րդ րոպեին տանտերերը բազմաքայլ գրոհ իրականացրին, ինչից հետո Իվան Ռակիտիչը հարվածեց, սակայն կրկին հյուրերին փրկեց դարպասապահը։ Հաջորդ իսկ գրոհին մոտ տարածությունից աչքի ընկնելու հնարավորություն ուներ Ժերարդ Պիկեն, սակայն Ռեմրիոն տեղում էր։
74-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին արդեն հյուրերը։ Մարտին Էդեգորը հարվածային դիրք դուրս բերեց Ալեքսանդր Իսակին, սակայն շվեդ հարձակվողի հարվածը նպաստավոր դիրքից չափազանց անհաջող ստացվեց։
76-րդ րոպեին Ժորդի Ալբայի ձախ եզրից բարձրից կատարած փոխանցումից հետո Կլեման Լանգլեի հարվածից հետո գնդակը դիպել էր Ռոբին լե Նորմանի ձեռքին, սակայն այդ դրվագը մրցավարների կողմից աննկատ էր մնացել, և խաղը շարունակվում էր, նույնիսկ «Ռեալ Սոսիեդադը» այդ ընթացքում վտանգավոր գրոհ իրականացրեց, սակայն Էդեգորի հարվածը մոտ տարածությունից շեղ ստացվեց։
Այդ դրվագից հետո VAR համակարգի սենյակում նստած վիդեոօգնականները հուշեցին որ կասկածելի դրվագ է գրանցվել։ Հանդիպման գլխավոր մրցավարն անձամբ գնաց տեսակրկնապատկերը դիտելու և նշանակեց 11 մետրոնաց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Լեո Մեսսին։
Մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» վերահկսեց խաղի ընթացքը՝ մոտեցնելով այն տրամաբանական ավարտին, նույնիսկ խաղավերջում հաջողվեց կրկնապատկել հաշվի առավելությունը, սակայն գոլային դրվագում Անսումանե Ֆաթիի մոտ խաղից դուրս իրավիճակ արձանագրվեց։
Այպիսով, Կիկե Սետիենի թիմը վաստակեց 58 միավոր և ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Ռեալին», որն իր հերթական հանդիպումը կանցկացնի վաղը ուշ երեկոյան։ «Արքայական» ակումբի մրցակիցը կլինի «Բետիսը»։ «Ռեալ Սոսիեդադը» մնաց 43 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականում։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Ռեալ-Սոսիեդադ