ՉԼ․ Բարսելոնա – ՊՍԺ հանդիպմանն ընդառաջ

ՉԼ․ Բարսելոնա – ՊՍԺ հանդիպմանն ընդառաջ

16/02/2021 - 20:22

Ավելի քան երկու ամիս անց համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգան, վերադառնում է։ Սկսվում է մրցաշարի ամենահետաքրքիր հատվածը։ Ինչպես ասում են, բաղձալի գավաթի համար իրական պայքարը մեկնարկում է մրցաշարի 1/8 եզրափակչից։ Այժմ կխոսենք «Բարսելոնա» – «ՊՍժ» դիմակայության մասին։

Դիմակայության պատմությունը

«Բարսան» և ՊՍԺ-ն միմյանց բախվել են 11 անգամ․ կատալոնական ակումբի անվան դիմաց կա 5 հաղթանակ, ՊՍԺ-ի անվան դիմաց ՝ 3 հաղթանակ, ևս 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Կողմերը միմյանց դարպասն ուղարկել են 38 գնդակ, որոնցից 22-ը հեղինակել է «Բարսելոնան», 16-ը՝ ՊՍԺ-ն։

Դիմակայության լավագույն ռմբարկուն Նեյմարն է, ով «Բարսելոնայի» կազմում իր ներկայիս թիմի դարպասն ուղարկել է 7 գնդակ։ 4-ական գնդակ են խփել Լեո Մեսսին ու Լուիս Սուարեսը, 2-ական գնդակ՝ Անխել դի Մարիան ու Զլատան Իբրահիմովիչը։

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն իրար դեմ առաջին հանդիպումն անցկացրել են Չեմպիոնների լիգայի 1994/95 խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում, երբ «Նոու Կամպ» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց 1։1 հաշիվ, իսկ պատասխան խաղում ՊՍԺ-ն հաղթեց 2։1 հաշվով և պայքարը շարունակեց կիսաեզրափակչում։

Վերջին տարիներին «Բարսայի» ու ՊՍԺ-ի դիմակայությունները մշտապես զարդարում են Չեմպիոնների լիգայի ինչպես խմբային, այնպես էլ փլեյ-օֆֆ-ի տարբեր փուլեր։ Կողմերն անցնող 8 տարվա ընթացքում ՉԼ-ի տարբեր փուլերում միմյանց միջև անցկացրել են 8 հանդիպում։

Վերջին դիմակայությունը ցնցեց ողջ աշխարհը։ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակում երկու ակումբները կրկին մրցեցին միմյանց դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Փարիզը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Թվում էր՝ փարիզյան ակումբը լուծել է դիմակայության հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն այդպիսի սցենարի հետ համաձայն չէին «բլաուգրանասի» ֆուտբոլիստները, ովքեր Բարսելոնայում կայացած խաղում 6։1 հաշվով սկանդալային հաղթանակ տարան՝ կերտելով ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ և տպավորիչ comeback-ներից մեկը՝ հանրահայտ «Remontada»-ն։

Թիմերի ներկայիս մարզավիճակը

«Բարսելոնա» – վերջին 10 խաղերում կատալոնական ակումբը տարել է 8 հաղթանակ՝ այդ ընթացքում կրելով նաև 2 պարտություն։ Այդ խաղերում «կապտառնռագույնները» խփել են 25 գոլ՝ սեփականն ընդունելով 11-ը։ «Բարսան» Լա լիգայի շրջանակում անցկացրած 22 խաղից հետո վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

ՊՍԺ – անցկացրած վերջին 10 խաղերում՝ փարիզեցիները նույնպես տոնել են 8 հաղթանակ։ «Փարիզը» մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի, մեկն էլ պարտվել է։ Այդ խաղերում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը խփել է 21 գոլ՝ բաց թողնելով 5 գնդակ։ ՊՍԺ-ն Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 25 խաղից հետո վաստակել է 54 միավոր՝ զբաղեցնելեով 2-րդ հորիզոնականը։

Թիմերի կորուստները խաղից առաջ

  • «Բարսելոնա» – Ռոնալդ Արաուխո, Սերժի Ռոբերտո, Ֆիլիպե Կոուտինիո, Անսումանե Ֆաթի
  • ՊՍԺ – Նեյմար, Անխել դի Մարիա, Խուան Բերնատ, Կոլին Դագբա, Տիմոտի Պեմբելե

Թիմերի հայտացուցակները

«Բարսելոնա»

ՊՍԺ

Ի՞նչ սպասել այս դիմակայությունից

Ինչպես տեսնում եք, երկու ակումբներն էլ խաղին մի շարք կորուստներով են մոտենում, սակայն փարիզյան ակումբի կազմից ավելի արժեքավոր ֆուտբոլիստներ են բացակայելու։

Ֆուտբոլիստներ կան, որոնց խաղադաշտում գրեթե անհնար է փոխարինել և այդիսի խաղացողների շարքին կարելի է դասել Նեյմարին։

Վերջերս «Փարիզը» Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում 1։0 հաշվով հաղթեց Լիգա 2-ը ներկայացնող «ահեղ» «Կանին» և այդ խաղում չգիտես ինչու Մաուրիսիո Պոչետինոն որոշել էր մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերել բրազիլացուն։ Այդ որոշումը տխուր ավարտ ունեցավ, քանի որ 29-ամյա բրազիլացին վնասվածք ստացավ և նրա մասնակցությունը հարցականի տակ է նաև դիմակայության երկրորդ խաղին։

ՊՍԺ-ի համար լուրջ կորուստ է նաև Անխել դի Մարիայի բացակայությունը, ով խաղ կառուցող հիմնական ֆուտբոլիստներից մեկն է ֆրանսիական ակումբի կազմում։

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա ներկա պահին թիմի համար ամենալուրջ խնդիրը Ռոնալդ Արաուխոյի՝ խաղը բաց թողնելն է լինելու։ Ուրուգվայցի պաշտպանը շատ լավ օգտվեց Ժերար Պիկեի վնասվածքից և ամրապնդվեց «Բարսայի» մեկնարկային կազմում, դեռ ավելին՝ շատ խաղերում հիանալի տպավորություն թողեց։ Սակայն, այժմ Պիկեն ու Արաուխոն տեղերով փոխվել են, քանի որ իսպանացի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից և հայտավորվել է այս խաղին։

Նման մակարդակի խաղացողների կորուստները թույլ են տալիս մտածել, որ դիմակայության առաջին հանդիպման ֆավորիտը «Բարսելոնան» է, սակայն կատալոնական ակումբը պաշտպանությունում ունի հավերժ խնդիրներ, և ընթացիկ մրցաշրջանն էլ բացառություն չէ, այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, որ չնայած ՊՍժ-ն այս մրցաշրջանը վայրիվերումներով է անցկացնում, իսկ Կիլիան Մբապեն վերջերս Չեմպիոնների լիգայի շրջանակում առիթից առիթ է գոլի հեղինակ դառնում, միևնույն է, «Փարիզը» այսպես պաշտպանվող «Բարսայի» դարպասը ի զորու է մրցակցի հարկի տակ 1-2 գնդակ խփել և հայտնվել շահեկան դիրքում։

Ընդհանրապես, եվրագավաթային մրցաշարերում «Փարիզը» համարվում է տնային թիմ և արտագնա խաղերում խփած գոլերն անչափ կարևոր են փարիզեցիների համար։

Վայրիվերումներով հանդես գալը վերաբերում է նաև «բլաուգրանասին»։ Ճիշտ է՝ Ռոնալդ Կումանը վերջին ամիսներին կարգավորել է իր թիմի խաղը, սակայն «Բարսայի» մակարդակի թիմերը «ալավեսներին», «էլչեներին» և «գրանադաներին», այսպես թե այնպես, պետք է հաղթեն, այն էլ՝ աչքերը փակ։

Այդ «վստահ» խաղերը միայն մեր աչքին թոզ են փչում և տպավորություն ստեղծում, թե «Բարսայի» մոտ ամեն ինչ կարգին է, սակայն երբ ակումբը հանդիպում է կարգով մի փոքր ավելի լուրջ մրցակցի, միանգամից բախվում է խաղային խնդիրմերի և այժմ էլ գրեթե վստահ ենք, որ Չեմպիոնների լիգան լիովին կմերկացնի և վերջնականապես ի ցույց կդնի «Բարսայի» խնդիրները։

Փարիզյան ակումբը «Remontada»-ից հետո լցվել է վրեժով։ Այդ զգացողությունը կա նաև «Բարսայի» մոտ, երբ Նեյմարը կատոլոնացիների շարքերից համալրեց փարիզյան ակումբի ճամբարը։ Շատ ափսոս, որ բրազիլացի ֆուտբոլիստը բաց է թողնելու առաջին խաղը, սակայն վերոնշյալ երկու փաստերն էլ լրացուցիչ խթան են երկու ակումբների համար։ Այս ամենին կարելի ավելացնել նաև Մաուրիսիո Պոչետինոյի և «կապտանռնագույնների» միջև վաղուց ձևավորված թշնամանքը։

Ակնհայտ է, որ նման դիմակայությունների ելքերը վճռում են մանրուքները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս ակումբները ինչ-որ չափով հանելուկ են ներկա պահին։ Ինչո՞ւ հանելուկ․ քանի որ «Բարսան» ընթացիկ մրցաշրջանում հիմնականում լավ է խաղացել կարգով թույլ ակումբերի դեմ և ավելի լուրջ դիմակայություններում ակումբի ուժերը գրեթե չենք տեսել, իսկ ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ ունի, ով մեկուկես ամսվա ընթացքում չէր կարող հստակ խաղային մոդել կառուցել. Մաուրիսի Պոչետինոն դեռևս փնտրտուքների մեջ է։

Այս դիմակայությունից պետք է սպասել, որ կողմերի միջև կայանալիք առաջին խաղում «Փարիզին» կգոհացնի նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, իսկ «Բարսան», ընդհակառակը, եթե չհաղթեց առաջին խաղում, ապա հյուրընկալվելիս կրկնակի բարդ կլինի։

Թիմերի` հաջորդ փուլ դուրս գալու շանսերը

Չնայած «Բարսելոնայի» խնդիրներին՝ ամեն դեպքում, «Պարի Սեն-Ժերմենին» այս դիմակայությունում հեշտ զբոսանք չի սպասվում, քանի որ վերջին խաղերում բոլորս ենք տեսնում, թե «կապտանռնագույնները» նույնսիկ ամենավատ ընթացող խաղում պայքարում են մինչև վերջ կորզելով հաղթանակներ։

Սակայն հաջորդ փուլ դուրս գալու ՊՍԺ-ի շանսերն ավելի բարձր ենք գնահատում՝ հաշվի առնելով «Բարսելոնայի»՝ պաշտպանությունում ունեցած բազմաթիվ խնդիրները ու, ի վերջո, Մաուրիսիո Պոչետինոյի մարզչական փորձը, ով նման խաղերի վարպետ է դարձել։

Թիմերի` հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատում ենք հետևյալ կերպ.

«Բարսելոնա» 45/55% ՊՍԺ

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը դիմակայության առաջին խաղում` ըստ Interfootball-ի

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023