Բարսան համաձայնության է հասել Դեպայի հետ
«Լիոնի» և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը էլ ավելի է մոտեցել «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը և 26-ամյա հոլանդացի հարձակվողն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։ Այժմ «բլաուգրանասի» ղեկավարները պետք է բանակցեն «Լիոնի» իրենց գործընկերների հետ, որպեսզի համաձայնության հասնեն նաև, թե «Բարսան» որքան գումար պետք է վճարի խաղացողի դիմաց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խոսակցություններ կան, որ «կապտանռնագույնները» Մեմֆիս Դեպայի դիմաց պատրաստ են առաջարկել Սամուել Ումտիտիին։ Նշվում է, որ չնայած Ումտիտին, հնարավոր է, ներառվի գործարքում, միևնույն է, «Բարսելոնան» խաղացողի դիմաց պետք է վճարի 20-25 մլն եվրո։
Բացի դրանից, «Բարսելոնայի» ներկայացուցիչները բանակցում են նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի գործակալի հետ, սակայն մերսիսայդյան ակումբը խաղացողի դիմաց դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Հաղորդվում է, որ «Բարսան» երկու խաղացողներին միասին ցանկանում է ձեռք բերել 55 մլն եվրոյի սահմաններում։
# Բարսելոնա, Ժորժինիո Վեյնալդում, Լիոն, Լիվերպուլ, Մեմֆիս Դեպայ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո