Բավարիան բանակցում է` խոշոր գումարով Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար
Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինիային։
Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ գերմանական գրանդը 28-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել միայն «Բավարիա»։ Նրա մանկության երազանքն է խաղալ մյունխենյան ակումբում։
Ըստ աղբյուրի` «Բավարիան», սակայն, ֆուտբոլիստի տեղափոխության հարցում չի կարողանում համաձայնության հասնել «Ֆուլհեմի» հետ։
Bayern & Germany-ն հայտնում է, որ «ռեկորդ մայսթերը» Պալինիայի տեղափոխության համար Լոնդոնը ներկայացնող ակումբին առաջարկել է 45 մլն եվրո։ «Ֆուլհեմը» նրա տրանսֆերի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 58+9 մլն եվրո։ Կողմերի բանակցությունները դեռ շարունակվում են։
Ժոաու Պալինիան դեռ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը շատ մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն։ Մյունխենյան ակումբը տրանսֆերի հարցում «Ֆուլհեմի» հետ համաձայնության էր հասել և վճարելու էր 60 մլն եվրո, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց։
Պալինիան անգլիական ակումբում խաղում է 2022 թ. հուլիսից` 79 խաղում դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն այժմ Պորտուգալիայի հավաքականի ճամբարում է և պատրաստվում է մասնակցել Եվրո-2024-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Ժոաու Պալինիա, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ, Ֆուլհեմ