Բավարիայի հերթական նվերը մրցակիցներին. Այնտրախտը վերելքով է հանդես գալիս 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատար «Բավարիան» արտագնա խաղում ուժերը չափեց վերջերս վերելք ապրող «Այնտրախտի» դեմ։
Հանդիպումը երկու կողմերն էլ բավական ակտիվ սկսեցին, վտանգավոր գրոհների և հարվածների պակաս չկար, սակայն առաջին խաղակեսում մարզական բախտը տանտերերի կողմն էր, որոնք կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել ահեղ մրցակցի դարպասը և ընդմիջման գնալ 2։0 հաշվի պայմաններում։
Նախ՝ «արծիվների» ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադան բացեց հանդիպման հաշիվը, ապա՝ 20 րոպե անց վերջինիս փոխանցումից հետո հարձակվող Ամին Յունեսը կրկնապատկեց «Ֆրանկֆուրտի» առավելությունը։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց մյունխենյան թիմի առավելությամբ. ողջ խաղակեսում Հանսի Ֆլիկի տղաները 14 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն առաջ ընկնելով ասենք, որ հարվածներից միայն մեկը պսակվեց հաջողությամբ։
Խաղի 53-րդ րոպեին Լերոյ Սանեյի փոխանցումից հետո տանտերերի դարպասը գրավեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ դարձնելով հաշիվը 2։1։
Չնայած՝ բավականաչափ ժամանակ կար հաշիվը հավասարեցնելու և անգամ հաղթանակի հասնելու համար, սակայն մյունխենցիներին վիճակված չէր այդ խաղում այլևս գոլ խփել։
Այսպիսով, «Այնտրախտը» հաղթում է նաև «Բավարիային» և իր անընդմեջ հաղթանակների քանակը հասցնում 5-ի։ Ընդհանրապես Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը չի պարտվել վերջին 7 հանդիպումներում՝ տոնելով 6 հաղթանակ։
Այս հաղթանակից հետո «արծիվները» 22 հանդիպումներից հետո վաստակեցին 42 միավոր և այս պահի դրությամբ եզրափակում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը։
«Բավարիան» նույնքան հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 49 միավոր և մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ամին Յունես, Այնտրախտ, Բավարիա, Բունդեսլիգա, Դաիտի Կամադա, Լերոյ-Սանե, Ռոբերտ-Լևանդովսկի