Գերդ Մյուլլերի հավերժ թվացող ռեկորդները երերում են․ Լևանդովսկին «նստել» է դրանց շնչին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բավարիան» 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ։
Մյունխենյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով «Շտուտգարտի» դարպասն ուղարկեց 3 գնդակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Սերժ Գնաբրիի անվան դիմաց։
32-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, պարզապես, ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս։ Նա անցկացրած 25 խաղում դարձել է արդեն 35 գոլի հեղինակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, լեհ հարձակվողին 35 գոլ խփելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 110 հարված և 25.73 xG: Միայն հավելենք, որ 1 գոլ խփելու համար ֆուտբոլիստներին միջինում անհրաժեշտ է 0․94 xG:
Նույն Squawka Football-ը գրում է, որ Լևանդովսկին իր կարիերայում առաջին անգամ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում ստեղծել է 40+ գոլ։ Նա դարձել է արդեն 35 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի դրանից, Ռոբերտ Լևանդովսկին գերազանցել է արդեն իր լավագույն ցուցանիշը Բունդեսլիգայի շրջանակում։ Նախորդ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը, անցկացրած 31 խաղում, դարձել էր 34 գոլի հեղինակ։
«Բավարիայի» մեկ այլ լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերի հավերժ թվացող ռեկորդները սկսել են երերալ։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, մեկ մրցաշրջանի ընթացքում Լևանդովսկուց շատ Բունդեսլիգայի շրջանակում խփել է միայն Մյուլլերը։ Գերմանացի նախկին հարձակվողը 1972/73 մրցաշրջանում դարձել է 36 գոլի, 1969/70 մրցաշրջանում՝ 38 գոլի, իսկ 1971/72 մրցաշրջանում՝ 40 գոլի հեղինակ։
Այժմ Լևան իր տրամադրության տակ ունի ևս 8 հանդիպում, որպեսզի գերազանցի այդ անհավանական թվացող ռեկորդը և, կոպիտ ասած, Ռոբերտը պարտավոր է դա անել։
«Շտուտգարտի» դարպասն ուղարկած երեք գնդակի շնորհվի Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի պամտության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով «Շալկեի», «Քյոլնի», «Բոխումի» և «Մյունխեն-1860»-ի նախկին հարձակվող Կլաուս Ֆիշերին։ Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայում իր ակտիվում ունի արդեն 271 գոլ, իսկ Ֆիշերը՝ 267 գոլով նահանջեց երրորդ հորիզոնական։
Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուն, իհարկե, Գերդ Մյուլլերն է, ով խփել է 365 գնդակ։ ԼևանԳոլսկին Մյուլլերից հետ է 94 գոլով, սակայն, հաշվի առնելով, որ Ռոբերտի գրաֆիկն ավելի լավն է, քան Մյուլլերինը, ապա շատ իրատեսական է նրա՝ այդ ցուցանիշը գերազանցելը։ Միայն նշենք, որ Ռոբերտ Լևանդովսկին իր 271 գոլերը հեղինակել է անցկացրած 346 խաղում, այսինքն, մեկ գնդակի համար նրան անհրաժեշտ է 102 րոպե, ինչը Բունդեսլիգայի պամտության շրջանակում լավագույն ցուցանիշն է։
Ինչ վերաբերում է Մյուլլերին, ապա նրան մեկ գնդակի համար անհրաժեշտ է եղել 105 րոպե, ինչը երկրորդ լավագույն ցուցանիշն է։
Այլ պատկեր է «Բավարիայի» պատմության լավագույն ռմբարկուների պայքարում։ Այստեղ նույնպես առաջատարը Գերդ Մյուլլերն է՝ խփած 523 գոլով, իսկ երկրորդը Լևանդովսկին է, ում ակտիվում կա 288 գոլ։
Կարծում ենք՝ Լևանդովսկին որքան էլ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրի, շատ դժվար կլինի հետ բերել 235 գնդակի տարբերությունը՝ հաշվի առնելով, որ Լևան շուտով 33 տարեկան կդառնա։ Չնայած, պետք է նշենք, որ այստեղ նույնպես լեհ ֆուտբոլիստի ցուցանիշներն ավելի լավն են, քանի որ նրան մեկ գնդակի համար անհրաժեշտ է 95, իսկ Մյուլլերին՝ 100 րոպե։
Նույն պատկերն է նաև Բունդեսլիգայի շրջանակում ընդհանուր հեթ-տրիկիների քանակով։ Լևանդովսկին դարձել է արդեն 13 հեթ-տրիկի հեղինակ և երկրորդ լավագույնն է։ Այս ցուցանիշով առաջատարը կրին Գերդ Մյուլլերն է, ով ժամանակին հեղինակել է 32 հեթ-տրիկ։ Այս ցուցանիշը գրեթե անհնար է նույնիսկ կրկնելը։
Ինքը՝ Լևանդովսկին, «Շտուտգարտի» դեմ խաղից հետո տված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ չի պատրաստվում կենտրոնանալ Գերդ Մյուլլերի ռեկորդների վրա․
«Ես խաղից խաղ առաջ եմ շարժվում։ Չեմ ցանկանում կենտրոնանալ որևէ ռեկորդի վրա։ Մենք դեռևս մի շարք կարևոր խաղեր ունենք անցկացնելու՝ ներառյալ նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումները։
Խաղերին միշտ պաստրաստ լինելը մեծ մարտահրավեր է։ Ես միշտ «քաղցած» եմ։ Երբ դու դաշտում ես, պետք է ներդնես քո ողջ ներուժը»,- նշել է լեհ ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Bayern&Germany-ն։
Վերջում նշենք, որ «Բավարիան», Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղից հետո, վաստակել է 61 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լայպցիգից» առաջ անցնելով 4 միավոր, իսկ Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 42 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Գերդ Մյուլլեր, Կլաուս Ֆիշեր, Շտուտգարտ, Ռոբերտ-Լևանդովսկի