Արգենտինան վերջապես բարձրանում է փառքի գագաթնակետին` նվաճելով Կոպա Ամերիկան🎥
Կոպա Ամերիկայի եզրափակչի շրջանակում Արգենտինայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեկնարկը բավական լարված և կոպիտ պայքարում էր անցնում. կողմերը հիմնականում աչքի էին ընկնում կանոնների խախտումներով, իսկ գոլային պահեր չկային։
Սակայն, 22-րդ րոպեին Արգենտինայի հավաքականն իր առաջին վտանգավոր պահը վերածեց գոլի. Ռոդրիգո Դե Պաուլը խորքից հիանալի փոխանցում կատարեց Անխել Դի Մարիայի ուղղությամբ, ով էլ, օգտվելով Ռենան Լոդիի սխալից, դուրս եկավ հարվածային դիրք և հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո «պենտակամպիոններն» անմիջապես ակտիվացան և փորձում էին ինչ-որ կերպ ճեղքել արգենտինացիների պաշտպանությունը, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում։
32-րդ Արգենտինայի հավաքականը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Լեո Մեսսին փորձեց աչքի ընկնել հեռահար հարվածով, բայց այն շեղ ստացվեց։
Խաղակեսի ավարտին Բրազիլիայի հավաքականը կրկին ակտիվացավ, սակայն չհաջողվեց խփել պատասխան գնդակը, իսկ կողմերն ընդմիջման գնացին Արգենտինայի նվազագույն առավելության պայմաններում` 1:0։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից բրազիլացիները նետվեցին առաջ` խաղը փրկելու և 52-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էստեբան Օստոյիչը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չհաշվեց Ռիչարլիսոնի գոլը։
54-րդ րոպեին Ռիչարլիսոնը ևս մեկ գոլային պահ ուներ, սակայն նրա` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո հիանալի գործեց «ալբիսելեստեի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Այդ դրվագից հետո Արգենտինայի հավաքականը մասամբ խաղը հանգստացրեց և ինքն էր փորձում խփել երկրորդ գնդակը, սակայն չէր ստացվում։
Հանդիպման ինչ-որ պահից սկսած` դաշտում կրկին դիրքային պայքար էր, կրկին բազմաթիվ կանոնների խախտումներ։
73-րդ րոպեի դրությամն կողմերն ընդհանուր առմամբ 22 կանոնների խախտում էին թույլ տվել, իսկ գլխավոր մրցավար Էստեբան Օստոյիչը ցույց էր տվել 5 դեղին քարտ։
Տիտեն փորձում էր փոփոխությունների միջոցով վերադասավորումներ կատարել իր թիմի խաղում, սակայն ոչինչ արդյունք չէր տալիս, քանի որ Արգենտինայի հավաքականը շատ անձնուրաց էր պաշտպանվում` թույլ չտալով որևէ դիրքային սխալ։
Խաղը որքան մոտենում էր ավարտին, այնքան լարվածությունն էլ ավելի էր մեծանում, կանոնների խախտումներն ու դեղին քարտերն էլ ավելանում էին։
Խաղավարտին մոտ «պենտակամպիոնները» կրկին մեծ ճնշում սկսեցին գործադրել Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն բրազիլացիներին ոչ միայն խանգարում էր շտապողականությունը, այլև Արգենտինան կատարյալ էր պաշտպանվում։
87-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի պահ ուներ փոխարինման դուրս եկած Գաբրիել Բարբոսան, սակայն նրա հարվածից հետո կրկին փայլեց Մարտինեսը։
Ի վերջո, Արգենտինայի հավաքականը դիմացավ այդ հսկայական ճնշմանը, պահպանեց հաղթական հաշիվը և իր պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Կոպա Ամերիկայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անխել Կոռեա, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Ռենան Լոդի, Ռոդրիգո դե Պաուլ, Տիտե