Արարատը երկու գնդակի տարբերությամբ պարտվեց Շլյոնսկին` լրջորեն բարդացնելով իր խնդիրը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցեց լեհական «Շլյոնսկի» դեմ։
Հանդիպման մեկնարկն անցավ «Արարատի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր ճնշում էին մրցակցին, սակայն «Շլյոնսկը» մի պահ ակտիվացավ և 20-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Վոյցեխ Գոլան։
Նախքան ընդմիջման գնալն էլ Վարդան Բիչախչյանի սաներն ավելի լավ տեսք ունեին, սակայն չկարողացավ խփել պատասխան գնդակը։
Այն, ինչ «արարատցիները» չկարողացան անել առաջին կեսում, արեցին երկրորդ խաղակեսի հենց մեկնարկոմ. 49-րդ րոպեին Էդգար Մալաքյանի իրացրած անկյունայինից հետո Խուան Բռավոն խփեց պատասխան գնդակը։
Սակայն, բաց թողած գոլից հետո լեհերը հաջորդ իսկ գրոհի ժամանակ` 50-րդ րոպեին, կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Ֆաբիան Պիաչեսկին։
Բաց թողած երկրորդ գոլը կարծես սառը ցնցուղ լիներ մեր թիմի ֆուտբոլիստների համար, ովքեր տպավորություն էր, թե ընկճվել են, քանի որ նրանց գործողություններում ոչինչ չէր ստացվում։
Դրանից էլ օգտվեցին «Շլյոնսկի» տղաները, ովքեր 70-րդ րոպեին հաշիվը դարձրին 1:3. գեղեցիկ անցումից հետո աչքի ընկավ Ռոբերտ Պիխը։
Վարդան Բիչախչյանը բաց թողած երրորդ գոլից հետո մի շարք փոփոխություններ կատարեց, վերադասավորեց իր թիմի խաղը` փորձեկով բեկել հանդիպման ընթացքը, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 84-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 2:3։
Ամեն դեպքում, այս հանդիպման վերջին խոսքն ասացին լեհերը, ովքեր 90+1-րդ րոպեին ձևակերպեցին խաղի վերջնական հաշիվը` 2:4։
Հանդիպման վերջին գոլը խփեց Ռոբերտ Պիխը` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Արարատը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Շլյոնսկին» և լրջորեն բարդացրեց հաջորդ փուլ դուրս գալու իր խնդիրը։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին` Վրոցլավում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Խուան Բռավո, Կոնֆերենցիաների լիգա, Շլյոնսկ, Ռազմիկ Հակոբյան, Վարդան Բիչախչյան