Արարատ-Արմենիայից երկու առաջատար լեգեոներներ են հեռացել
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբի և կենտրոնական հարձակվող Լուիս Օգանայի միջև գործող պայմանագիրն ավարտվել է, իսկ կողմերը որոշել են այն չերկարաձգել։
Նիգերիացի հարձակվողը «Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել էր 2019 թվականի փետրվարին և ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբից հեռացել է նաև Կաբո Վերդեի հավաքականի վինգեր Մայիլսոն Լիման, ով իր հեռանալու մասին տեղեկացրել է Instagram-ում կատարած հետևյալ գրառման միջոցով․
«Երկու հիանալի մրցաշրջան «Արարատ-Արմենիայի» կազմում․ երկու չեմպիոնություն և մեկ Սուպեր գավաթ, հիանալի պահեր Եվրոպա լիգայի շրջանակում։ Անձամբ ես ճանաչվեցի Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ և ակումբների՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ամենին մենք հասել ենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին, աշխատակիցներին և թիմի կողքին գտնվող այն մարդկանց, ովքեր ինձ միշտ հավատացել են։ Ես երբեք չեմ մոռանա Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը։ Ապագայում բոլորիդ լավագույնն եմ մաղթում։ Աստված պահապան»,- գրել է Լիման։
Մայիլսոն Լիման «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրեց 69 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Լիման Instagram-ի իր էջում հայտնել է նաև, որ կարիերան շարունակելու է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբբա Ալ-Հիսն» ակումբի կազմում։
# Արարատ-Արմենիա, Դիբբա Ալ-Հիսն, Լուիս Օգանա, Մայիլսոն Լիմա, տրանսֆերներ