Ատլետիկոն դժվարությամբ կոտրեց հետնապահի դիմադրությունը🎥
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» մրցեց հետնապահների թվում ընթացող «Ալավեսի» դեմ։
Ճիշտ է՝ առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էր (63%) մադրիդյան ակումբը, սակայն հյուրերն էլ վտանգավոր հակագրոհում էին։
24-րդ րոպեին «Ալավեսի» ֆուտբոլիստները մոտ էին հաշիվը բացելուն, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց Խոսելուն։
41-րդ րոպեին էլ հաշիվը բացելու իր շանսը ստացավ արդեն Լուիս Սուարեսը։ «Էլ պիստոլերոն» ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսը «հնդկացիներն» ավելի ակտիվ մեկնարկեցին և 54-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Կիրան Տրիպիեի կատարած փոխանցումից հետո Լուիս Սուարեսը, ի վերջո, խփեց իր գոլը՝ առաջ մղելով մադրիդյան ակումբին։
Ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց արդեն իր 19-րդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար Լեո Մեսսիից հետ մնալով երկու գնդակով։
Խփած գոլից հետո շատ չանցած՝ 59-րդ րոպեին, մոտ էր հաջողությանն արդեն Մարկոս Լյորենտեն, սակայն իսպանացի կիսապաշտպանի հարվածից հետո «Ալավեսին» փրկեց դարպասապահ Ֆերնանդո Պաչեկոն։
Դիեգո Սիմեոնեի սաները երկար ժամանակ հանդիպումը պահում էին իրենց տիրապետության տակ, սակայն դրա համար քիչ մնաց՝ պատժվեին։
86-րդ րոպեին «Ալավեսի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Խոսելուն, սակայն նրա հարվածից հետո Յան Օբլակը հիանալի սեյվով փրկեց իր թիմին։
Խաղավարտին մոտ տանտերերը մրցակցին այլևս որևէ հնարավորություն չտվեցին և խաղը մոտեցրին հաղթական ավարտին։
Այսպիսով, «Ատլետիկոն» 1։0 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ, վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Ալավեսը» մնաց 23 միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ, հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Խոսելու, Մարկոս Լյորենտե, Յան Օբլակ